четверг, 29 января 2015 г.

Հրանտ Դինք

Ծնվել է՝ 1954թ. սեպտեմբերի 15 ին Մալաթիաում
Նշանավոր պոլսահայ լրագրող, Թուրքիայում հայերեն և թուրքերեն լեզուներով տպագրվող միակ ամսաթերթի՝ «Ակոսի» գլխավոր խմբագիրը, Թուրքիայի երևելի մտավորականերից մեկը, որը հայտնի էր իր անվախ ելույթներով, քաղաքական ամենախճճված խնդիրները մեկնաբանող համարձակ հոդվածներով։
Կյանքը
Հրանտ Դինքը 7 տարեկանում ծնողների հետ Մալաթիայից տեղափոխվել է Ստամբուլ. սովորել է Պեզճյան վարժարանում, այնուհետև՝Սուրբ Խաչ դպրեվանքում: Ավարտել է Ստամբուլի պետական համալսարանի կենսաբանության (1978 թվական) և փիլիսոփայության (1987 թվական) ֆակուլտետները: Զինվորական ծառայությունից հետո աշխատել է որպես լրագրող: 1996 թվականին Ստամբուլում հիմնադրել է «Ակոս» երկլեզու (հայերեն և թուրքերեն) թերթը՝ նպատակ ունենալով ներկայացնել թուրքահայության ծայրահեղ մեկուսացվածությունը, դառնալ նրա խոսափողն ու իրավունքների պաշտպանը, հաշտարար օղակ լինել հայ և թուրք ժողովուրդների միջև:
Հայկական հարց
րանտ Դինքը մեկն էր Թուրքիայում ապրող հայ մտավորականներից, ով, չնայած նրան, որ իր ամբողջ կյանքի ընթացքում սպառնալիքներ էր ստանում Թուրքիայում գործող ազգայնական խմբավորումներից, միևնույն է մնում էր հանգիստ։ Նա միշտ իր մտահոգություններն էր հայտնում թուրքերի և հայերի միջև լարված հարաբերությունների վերաբերյալ։ Ելույթ ունենալով մի շարք ժողովրդավարական հարթակներում և հասարակական կազմակերպություններում, Դինքը միշտ ընդգծում էր Թուրքիայիժողովրդավարացման, ինչպես նաև Թուրքիայում խոսքի ազատության, փոքրամասնությունների իրավունքների, և ընդհանուր առմամբ մարդու իրավունքների, և հատկապես Թուրքիայում ապրող հայ համայնքի իրավունքների հարցը։ Նա թուրքերի և հայերի միջև խաղաղություն հաստատելու շատ կարևոր խթան էր։
Հայոց ցեղասպանության հարցում հակադրվելով Թուրքիայի պաշտոնական տեսակետին՝ ըստ որի՝ տեղի ունեցածը պատերազմական ժամանակների բախումների հետևանք էր և ոչ թե նպատակային կոտորած, Դինքը բազմիցս հալածվել է. 2005 թվականին դատապարտվել է 6-ամսյա պայմանական բանտարկության:
Մրցանակներ
2007 թ. հունիսին Հրանտ Դինքին շնորհվում է ՀՀ նախագահի մրցանակ։ Ըստ ՀՀ նախագահի՝ առաջին անգամ է, որ նախագահի մրցանակը հանձնվում է հետմահու։
Սպանությունը 
Դինքը սպանվեց 2007 թվականի հունվարի 19-ին, Շիշլիում գտնվող «Ակոսի» խմբագրատան առաջ, ետևից գլխին արձակված երեք հրազենային կրակոցներից։ Մարդասպանը հեռանալուց գոչել էր «գյավու՛ր», ինչը ենթադրելու հիմք է տալիս, որ սպանությունը կատարվել է ազգային հողի վրա։ Սպանությունն իրականացնելու կասկածանքով թրքական Սամսուն քաղաքի ավտոկայանում ոստիկանությունը ձերբակալել է 17-ամյա Օգյուն Սամաստին, որն առաջին իսկ հարցաքննության ընթացքում խոստովանել է իր մեղքը։ Կասկածյալի հետքի վրա դուրս գալուն օգնել է նրա հայրը, ով մարդասպանի լուսանկարում ճանաչել էր իր որդուն։ Լուսանկարը ստացվել էր սպանության վայրում գտնվող դիտարկման տեսախցիկի միջոցով, որն այդ պահին արձանագրել է փողոցի անցուդարձը։ Ի սկզբանե ոստիկանները փորձում էին պարզել՝ արդյո՞ք որևէ ազգայնական խմբավորման անդամ է ձերբակալվածը։
Որոշ քաղաքագետների կարծիքով սպանությունը ծրագրված և իրականացված է Թուրքիայում ազգային անհանդուրժողականության խնդիրը խորացնելու, ներքին իրադրությունը սրելու, միջազգային ասպարեզում երկրի հեղինակությունը խարխլելու նպատակով։ Թուրքիայի,Հայաստանի, եվրոպական երկրների ու ԱՄՆ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ, մտավորականներ ու հասարակական կազմակերպություններ խստորեն դատապարտել են կատարված ոճրագործությունը, ցավակցություն հայտնել սպանվածի հարազատներին, ընկերներին ու գործընկերներին, Պոլսո հայ համայնքին։ Թուրքիայի, Հայաստանի և աշխարհի այլ երկրների բազմաթիվ քաղաքներում կազմակերպվել են բազմահազարանոց բողոքի ցույցեր և սգո երթեր։
Հրանտ Դինքի սպանությունը կազմակերպման մեջ մեղադրվում է «Էրգենեկոն» ազգայնական կազմակերպությունը։

Комментариев нет:

Отправить комментарий