понедельник, 22 февраля 2016 г.

Սևակի մեծ սերը. Սուլամիթա Ֆրիդբուրգ

Թե դատարկ է անցյալդ,
Ի՞նչ իմանաս`
Հուշն ինչ է:
Պ. Սևակ
Ռաֆայելյան նշանավոր Աստվածամոր նախատիպը եղել է մի հասարակ հացթուխի աղջիկ` Մարգարիտ անունով, որին սիրում էր Ռաֆայելը: Կգրվե՞ր, արդյոք, «Աստվածային կատակերգությունը», եթե չլիներ Բեաթրիչեն` Դանթեի հոր ընկերոջ դուստրը, որին սիրում էր նա: Պետրարկայի սոնետները ներշնչեց Լաուրան, իսկ Բոկկաչոն իր «Դեկամերոնի»  համար պարտական է Ֆիամետային…
Եվ, վերջապես, ինչպե՞ս կգրվեր «Մարիենբադյան էլեգիան», եթե 73-ամյա Գյոթեն չհանդիպեր 19-ամյա Ուլրիկային…
Դրանք բոլորը գուցե կենսագրական «մանրուքներ» են, բայց այդ «մանրուքներից» ինչե՜ր են ծնվել…
Այժմ, երբ արդեն փակված է Պարույր Սևակի կյանքի վարագույրը, նրա հետ կապված ամեն մի դեպք, նրա ամեն մի խոսքը և նույնիսկ հնչերանգը արժեքավորվում և մի նոր իմաստ է ստանում: Մոտիկ ու հարազատ մարդու, և այն էլ Պարույրի նման մարդու կորստից հետո աննշան թվացող ամեն մի «մանրուք» մի նոր երանգ է ավելացնում նրա կենսագրությանը, որը նաև յուրաքանչյուրիս կենսագրությունն է: Ինչ-որ չափով մենք բոլորս լրացնում ենք իրար, մտնում մեկս մյուսի կենսագրության մեջ, մեզ համար աննկատելի ամբողջանում մի հավաքական «եսի» մեջ: Առանց մեկի մյուսը թերի է: Իսկ երբ հանկարծ վրա է հասնում անխուսափելին, մենք մի տեսակ փոքրանում ենք ու որբանում. չէ՞ որ մեր էության մի կարևոր մասը դեռ մեր կենդանության ժամանակ թաղվում է հողի տակ…
Ինչպես իր ստեղծագործությունների մեջ, այնպես էլ անձնական կյանքում նա բուռն էր ու հախուռն, զգացմունքներով ու մտքերով հարուստ ու թարմ, անկեղծ ու անմիջական: Նա ամեն ինչի մեջ զգացմունք  էր դնում, կրակուն էր ու փոթորկոտ: Անհնար էր Պարույրին ճանաչել և անտարբեր մնալ նրա նկատմամբ: Նրա մեջ ինչ-որ անորսալի բան կար, որ անմիջապես կապում էր դիմացինի հետ: Անդիմադրելի հմայք ուներ: Երևի  բացառիկ են այն մարդիկ, որոնց կյանքը և գործը այնքան ներդաշնակ լինեն, որքան Պարույրինը: Նրա համար կյանքը ստեղծագործություն էր, ստեղծագործությունը` կյանք: Պարույրն իր ներկայությամբ ազնվություն և մարդկայնություն էր պարտադրում:
Եվ ի՞նչ միայն չէր սիրում նա կամ ի՞նչն էր սիրում չափով: Հիմա ի՞նչ խոսքեր էլ ասելու լինենք Սևակի հասցեին, պիտի սուտ թվան, որովհետև նրան հավատացողները եղել են հազվագյուտներ, սուտ երկրպագուներ` ավելի շատ, սիրողներ ու ատողներ` ինչքան ուզեք: Նա անկեղծորեն միամիտ էր, երեխա, հավատացյալ էր, հավատում էր մարդուն, աշխարհին, և երբ ինքը սխալ էր դուրս գալիս, ապրում էր մեծագույն ողբերգություն. այստեղից էլ սկիզբ էին առնում իր ներքին հակասությունները: Նա հավատի ընկեր էր փնտրում, որն իր նման հավատար արդարության, բարության, լավի հաղթանակին: Հավատը պահելու համար նա կառչում էր ամեն մի փոքր, նույնիսկ աննշան երևույթից: Աշխարհի վրա գոյություն ունեցող դժբախտություններից, հակասություններից, անարդարություններից նրա հոգում ծնունդ էր առնում տառապանքը մարդու համար, և նա ողբում էր ու աղոթում առ բնություն, առ ամեն ինչ, որպեսզի աշխարհում հաստատի լույսը: Նա տեսավ հոգու տառապանքը:
Կնամեծար էր չափազանց: Մայրը, կինը, զոքանչը, ընկերների կանայք սրբություն էին իր աչքում, որոնց հետ վարվում էր խորին երկյուղածությամբ:
Կին արարծը մի առանձնահատուկ երևույթ էր նրա համար, և կնոջ մեջ նրա համար թանկագինն այն էր, ինչ պակասում է տղամարդկանց` գթառատ սիրտը: «Փխրուն»` սա էր իր  բառարանում պահված ամենաքնքուշ բառը կնոջ մասին, իսկ դա վերաբերում էր կնոջ հոգուն, էությանը, ներաշխարհին:
Սիրում էր կին արարածին, ինչպես կյանքը` հաստատելով կարծես, որ կին բառը կյանք-ից է գալիս: Սիրում էր` ամենախոր հարգանքներով, իր ջերմ վերաբերմունքը նրան վերադարձնելով:
Յուրաքանչյուր ոք ապրում է իր կյանքի վեպը: Գրողներն իրենց կյանքի վեպը դարձնում են գրականություն: Պ. Սևակը ևս առանձին բանաստեղծությունների ու պոեմների տեսքով գրեց իր կյանքի վեպը, բայց ամբողջը շարադրել չհասցրեց:
Հրեից իմաստուն թագավոր Սողոմոնը իր Սուլամիթին հանդիպեց Երուսաղեմում, Պարույրը… Մոսկվայում: Երուսաղեմի խարտյաշ դուստրը հայ բանաստեղծին նվազ հաճելի պահեր չպարգևեց, քան թե իր անվանակիցը ` հազարամյակներ առաջ` Սողոմոն թագավորին: Եվ հաճելի պահերից ավելի` բանաստեղծական ներշնչանքներ, որոնց տաք թրթիռներից ընթերցողի արյունը եռում է երակներում ու գլուխը պտտվում… Ո՞վ կարող է բացատրել, թե ինչու ամբողջ Արևելքում մի փառաբանված թագավոր, որ աշխարհին հայտնի էր իր առասպելական իմաստությամբ և հարստությամբ, մի կողմ թողեց իր կանանոցի 700 հրաշագեղ ու բազմերանգ ծաղիկներին և նրանց փոխարեն հավերժացրեց մի հասարակ հովվուհու: Ո՞վ կարող էր ասել` ինչու հենց ա′յդ պոեմը դարձավ բոլոր ժամանակների և բոլոր երգիչների Երգ երգոցը: Չէ՞ որ դրանից առաջ և դրանից հետո էլ գրվել ու գրվում են բազում և բազմաթիվ սիրային երգեր, պոեմներ, ասքեր ու առասպելներ…
Եվ, վերջապես, ինչո՞ւ մի հայ բանաստեղծ, որ,  հակառակ Սողոմոնի առասպելական հարստության, իր իսկ բառերով` երբեմն ծխախոտի փող չէր ունենում, իր նույնանուն պոեմում փառաբանեց մի ուրիշ Սուլամիթի, որի մասին հետո պիտի ասեր.
Դու իմ վերջինը թյուրիմացաբար,
Եվ իմ միակը` ճակատագրով…
Երկու Սուլամիթներից ոչ մեկի մտքով, երևի, չէր անցել, թե Ապոլոնի ընտրյալների կամոք պետք է ընդմիշտ մնան սերունդների հիշողության մեջ…
Սևակը հակված չէր հանրության սեփականությունը դարձնել նեղ անձնական շփումների պատմությունը, չնայած դեռ շատ տարիներ առաջ գտնվում էին մարդիկ, որոնք կռահում էին այդ մասին` միմիայն գրողի ստեղծագործություններին ծանոթանալով:
Տարիներ շարունակ այսպիսի մոտեցմամբ է գնահատվել Պարույր Սևակի պոեզիան և նույն աներևույթ ձեռքի թելադրանքով էլ մեծ բանաստեղծի կենսագրությունից պարզապես դուրս են նետվել կամ, լավագույն դեպքում, մշուշոտ ակնարկներով են հիշատակվել այնպիսի իրական փաստեր, որոնց առկայության դեպքում նրա ստեղծագործություններից շատերը (եթե չասենք գերակշիռ և լավագույն մասը) կունենային ընկալման ու ըմբռնման այլ եզրեր, քնարերգական նոր երանգներով կբացահայտեին բանաստեղծի էությունը: Պարզապես միամտություն է կարծել, թե ստեղծագործական այնպիսի գլուխգործոցներ, ինչպիսիք են «Երգ երգոց», «Նահանջ երգով» պոեմները, «Նույն հասեով» բանաստեղծական շարքի հրաշալի պոեզիան կարող է ծնվել անհասցե և աննախատիպ:
Պարույր Սևակն ինքն էլ չի ժխտում այդ փաստը` հանրահայտ պոեմում հիշատակելով «Երուսաղեմում չեղած Երուսաղեմի դստեր» մասին: Պոեմի հերոսուհին` Սուլամիթան, ամենևին էլ ավետարանական «Երգ երգոցի» հերոսուհին չէ, այլ իրական անձնավորություն:
Նրանք հանդիպեցին Մոսկվայում, Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտում, ուր երկուսն էլ ուսանում էին 50-ական թվականների կեսերին: Առաջին հանդիպման մասին ժամանակակիցներից մեկը հետևյալն է պատմում. «Մի օր ինստիտուտում կազմակերպվում է այլազգի ուսանողների հավաք: Դահլիճի հեռավոր անկյունում նստած Պարույրը նկատում է ներս մտնող Սուլամիթային: Քիչ անց նա դուրս է գալիս, ապա,  ներս գալով, նստում է անծանոթուհու կողքին: Այսպես է կայանում նրանց առաջին հանդիպումն ու ծանոթությունը, որը շուտով պիտի վերածվեր մեծ ու անդավաճան սիրո ու պիտի շարունակվեր մինչ ի մահ…»:
Ազգությամբ հրեա, բայց Լիտվայում ապրած ու հասակ առած գեղեցիկ Սուլամիթան այսօր ապրում է հեռավոր Իսրայելում, ունի երկու զավակ: Տղայի անունը Ռաֆայել է: Տարիներ առաջ այցի եկավ Սևակի շիրիմին` իր հետ բերելով և գերեզմանին շաղ տալով իր հայրենիքի հողը: Թվում է` ամեն բան թեև անմեռ, բայց հեռավոր հուշ է դարձել, և այլևս անհնար է ետ վերադարձնել այն  ապրված տարիները, որոնք լի էին հեքիաթային սիրով ու ջերմությամբ: Թաքուն այդ սերը, որ երկու խորունկ հոգիների սրբությունն էր, այսօր փոխանցվել է մեզ այս նամակ-նշխարների ձևով:
«Ես չեմ ամաչում իմ սիրո համար»,- ասում է Սևակը:
Սևակ – Սուլամիթա
24. 6. 1959 թ.
Մոսկվա
Խնդություն ու ցավ,
Ի՞նչ գրել:
Դեռ ուշքի չեմ եկել:
Վաղուց ~   վաղուց  ~   վաղուց…
(չեմ հիշում, թե երբվանից)
ինձ համար այսքան ծանր չի եղել…
Դու բոլորովին կենդանի իմ առջև ես` արթմնի ու երազում:
Ինչպե՞ս ես քեզ կորցրեցի:
Չէ՞ որ կողքիս էիր:
Կարողանայի շուտ վարժվել քո բացակայությանը…
Մինչև ցավ քոնն եմ
Պ.
Սուլամիթա – Սևակ
ՍԻՐԵԼԻՍ,
Ես սիրում, սիրում եմ քեզ…
Դե, մի՞թե արևը հարցնում է, թե երեկ ինչպիսի եղանակ է եղել… Բայց և′ երեկ էր անձրև, և′ այսօր:
Ես քեզ համբուրում եմ…
Ես  ուժ չունեմ և այն չափազանց շատ է…
Ոչ, ինձ հետ ոչինչ չի կատարվել… և ես ուզում եմ դա կրկնել տասնյակ անգամ` սիրում եմ քեզ…
Եվ դու ապրիր, որ կյանքն ամենուր լինի, որ ճառագեն աչքերն ու սիրտը չհասկանա իր երջանկությունը… ես գնում են անձրևի տակ, որովհետև շնչել եմ ուզում…
Համբուրում եմ քեզ ամենևին ոչ քնքուշ… Ի՞նչ իմաստ ունի քնքուշ: Դրանից անգամ ձեռքերը չեն տաքանա…
Եվ վերջ, վերջ:

Комментариев нет:

Отправить комментарий