понедельник, 22 февраля 2016 г.

Պարույր Սևակ բանաստեղծություններ

Եթե մեռնե՜լ…
Թո՛ղ որ մեռնեմ
հուր-կայծակից՝
Միանգամի՛ց,
մի վայրկյանո՛ւմ,
հանկարծակի՛,
Այնքա՜ ն արդար,
խղճիս ձայնին մի՛շտ ունկընդիր,
Որ՝ համաձայն բիբլիական հին լեգենդին՝
Հանգիստ անցնեմ և ասեղի նեղլիկ ծակից…
Եթե մեռնե՜լ…
Թող սպանվե՛մ,
թող կործանվե՛մ
Այնպես ապրած և բան արած,
Որ նորածին մանուկների տեսքով նորից
վերածնվեմ՝
Իմ անունո՛վ կնքեն նրանց…
Եթե գամվել՝
փարոսի՜ պես,
Արնաքամվել՝
հերոսի՜ պես,
Ու քրքրվել՝
դրոշի՜ պես…
Եթե մեռնե՜լ…
Բայց առայժմ ապրե՛լ է պետք:
***
ՂՈՂԱՆՋ ՈՐԲՈՒԹՅԱՆ 
Իր ժողովրդի զավակն իսկական`
Ժողովրդի պես ինքն էլ որբ մնաց.
Նա նույնիսկ չկար և մի տարեկան,
Երբ… Մայրը գնաց:
Ա՜խ, եթե գնաց`
Նրա լույս հոգին թող որ համբառնա,
Արժանի դառնա
Իր հավատացած երկնային գահին:
Բայց ինչո՞ւ գնաց Հայոց Թագուհին:
Մնար
Ու ծիծ տար
Իր Սողոմոնի՛ն – մեր Կոմիտասի՜ն:
Մնար
Ու հոգար
Իր մինուճարի՜ — իր որդո՛ւ մասին:
Մնար ու նրան մայրություն աներ.
Հուսահատության, տրտմության պահին
Նրա ճակատի
Ամպերը վաներ,
Նախ` նրա ոտի
Ու հետո` սրտի
Փշերը հաներ:
Մնար, որ հետո,
Շա՛տ ու շատ հետո,
Երբ որդին քայլեց մութ արահետով,
Որ անդարձ եղավ ու եղավ անել,
Թերևըս նա իր մայրական սրտով
Իր մինուճարի
Ու մեր հանճարի
Սև ցավը տաներ…
Մնար, որ նրան մի ողջ ժողովուրդ
“Մեծ մա՛յր” անվաներ,
“վեհամա՜յր” կոչեր.
Մի ողջ ժողովուրդ սուրբ ձեռքը նրա
Իր բերնին տաներ,
Փեշե՜րը պաչեր…
Մնա՛ր… Չմնա՜ց:
Գեթ հայրը մնար…
……Բայց նա էլ գնաց.
Երբ որդին չկար դեռ տաս տարեկան:
Իր ժողովրդի պես նա որբուկ մնաց:
Նա մնաց անտուն, մնաց բնավեր:
-Տո լաճ տնավե՛ր…
Եղավ անդադար, եղավ քնավեր:
-Տո լաճ տնավե՛ր…
Գրկանոց հասակ, վիրավոր սրտիկ,
Աչքերում` արցունք, ճակատին` քրտինք,
Աշնան պաղ քամուն և ձմռան ցրտին
Որբուկն ո՞ւր մնա, որբուկն ո՞ւր գնա,
Որտե՞ղ տաքանա, ո՞ւմ թոնրան շրթին:
-Տո լաճ տնավե՜ր…
Որբուկի սիրտը` ապակի փշուր,
Ա՜խ, դրսից կարմիր – ներսից փուշ մասուր,
Որբը` մոլոր գառ, աշխարքը` մսուր, —
Ո՞վ նայի վրան կամ ո՞վ տա նրան
Մի պատառ ժպիտ, շոյանք մի փշուր:
-Տո լաճ տնավե՜ր…
Դռնեդուռ երգեց – ձայնը` կլկլան,
Բերանն էր կերգեր, աչքերը կուլան:
Դունչիկից կելներ ծխի տակ քուլան,-
Սրտիկն էր էրվում, չէր տեսնում ոչ ոք:
Ցավերն էին փուքս, անձիկն էր քուրան…
-Տո լաճ տնավե՜ր…
Երկու ձիգ տարի նա այսպես պիտի
Ման գա երգելով ու շուրջը դիտի,
Մի հացի հույսով կամ մի հավկիթի,
Միտքը` հազար տեղ, աչքը` մի կետի…
Սկիզբըդ խոց էր, վերջըտ` ո՞վ գիտի…
-Տո լաճ տնավե՜ր…
***
Ա՜խ քեզ ինչպե՞ս ասել, որ քեզ հիշում եմ դեռ,
Ինչպե՞ս չասել, որ դու դեռ թանկ ես ինձ համար,
Ինչպե՞ս մեզ բաժանող արգելակը քանդել,
Ինչպե՞ս չգալ քեզ մոտ, ինչի՞ համար:
Ինչպե՞ս չասել, որ` դու, միայն դո՜ւ չես թախծում,
ինչպե՞ս ասել, որ ես ծնվել եմ քեզ համար,
Ինչպե՞ս չասել , որ ես միշտ էլ քեզ եմ տենչում,
Սակայն ինչպե՞ս ասել, ինչի՞ համար:
Չէ՞ որ բաժանվեցինք կարծես մեր ցանկությամբ,
Եվ այսօրը պարզ էր և ինձ, և քեզ համար…
Հիմա ինչու՞ ցավել անցած երջանկությամբ,
Եվ չցավել՞, ինչու՞, ինչի՞ համար:
Ինչպե՞ս, ինչպե՞ս ասել` նորից արի, արի՜,
Ինչպե՞ս չասել, որ ես ապրում եմ քեզ համար:
Գեթ չխոստովանե՞լ ցավը մեր սրտերի,
Խոստոնովանե՞լ, ինչու՞, ինչի՞ համար…
***
Իսկ դու ուրիշինն ես,
Իսկ դու ուրիշինն ես,
Դու´ — ուրիշի՛նը։
Դու´, իմ հարազա՛տը,
Մոտի՛կ հարազատը,
Եվ – ուրիշի՛ն…
Ա՛խ, ուրիշին թող որ մեկ ուրիշը լիներ,
Չէ՞ր կարելի, ասա´։
Ա՛խ, դու այդ ինչպե՞ս ես ուրիշինը եղել,
Իմ սիրելի՛, ասա´…
Եվ նա ով է՝ գիտե՛մ։
Պարզ է. նա ո´չ կարիճ,
Եվ ո´չ էլ իժ է նա։
Գուցե վատ չէ այնքան,
Գուցե լավն է անգամ,
Բայց քեզ համար օտա՛ր – ուրի՛շ է նա…
***
Հո ասեղ չէ սերը, որ կորցընես,
Իսկ թե ասեղ է նա՝ կթաքցընե՞ս
Ինչ որ բարձիկի մեջ կամ տոպրակում։
Եթե ասեղ է նա՝
Աչք է ծակում…
Դե´հ, ու՞մ լավ հայտնի չէ մեր իսկ թուլությունը.
Մենք բոլորս էլ մի քիչ փսփսուք ենք սիրում։
Իսկ գեղեցիկ սեռի դրությունը
Շա՛տ է նախանձելի այս հարցերում։
Ոմանց համար արդեն դա մի թուլություն է,
Ինչպես ջուր խմելը, հաց ուտելը…
Պատկերացրեք հիմա դուք մեր դրությունը։
Պարզ է. հայտնի դարձավ և մեր սերը։
Ուրիշները դարձան կիսով նրա տերը.
Ե’վ այս, և’ այն կողմից տնտըղեցին նրան,
Մերթ թաղեցին նրան,
Մերթ պեղեցին նրան:
Ուրիշ խոսքով ասած՝
Նա մի դրոշ դարձավ,
Որ ո´չ թե ձեռքից-ձեոք – բերնից-բերա՛ն անցավ…
Չէ´, սսե՛ղ չէ սերը, որ թաքցընես,
Իսկ թե ասեղ է նա՝
Աչք է ծակում.
Իսկ թե ասեղ է նա,
Հենց թաքցընես՝
Քո ցանկությանն ընդդեմ կհագցընես
Պոչից երկա՛ր մի թել,
Որ երևա´ իսկույն։
Մենք ասեղը թելել բնավ չենք էլ փորձել:
Բայց ի՛նչ…
Դուրս է գալիս՝
Հիմար բան ենք գործել.
Կարելի է, ինչ խոսք, սիրահարվել,
Միայն… հարկավոր էր խելոք վարվել,
Սուսի՛կ – փուսի՛կ այնպես…
Աստվա´ծ վկա, այսպես
Չէ՞ որ կարելի է անգամ խելագարվե՛լ։
Ախար իմ ի՛նչ գործն է՝ մարդիկ ո՞նց են անում։
Իմ ի՛նչ գործն է.
Մարդիկ շա´տ բաներ են անում,
Հազար ու մի տեսակ վա´տ բաներ են անում,
Ես գործ ունեմ մարդկա՛նց,
Ո´չ թե ամեն կարգի նրանց արարքի հետ.
Ես գործ ունեմ սիրո՛,
Ո´չ թե թաքուն կապի հրայրքի հետ.
Միայն աղբյուրի՛ հետ հավերժախոս ու ջինջ,
Եվ ո´չ հոսանքի հետ հեղեղային.
Եվ ո´չ երբեք մոր հետ այն տղայի,
Որին չար ընկերն է խաղում դաղում.
– «Է՛յ, բի´ճ…»
***
ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ
Հաճախ սիրում եմ,
Երբ մարդկայնորեն սիրտս գերում են։
Հաճախ լռում եմ,
Երբ ճիշտ ասածս դիտմամբ ծռում են:
Նաև խղճում եմ,
Եթե զղջաում են։
Հիասթափվում եմ,
Եթե խաբվում եմ։
Նաև ատում եմ,
Եթե ստում են։
Բայց ամենի՛ց խոր
Ես հավատում եմ:
Ո՛չ միայն գիտեմ.
Ես հավատում եմ
Երկնի բացխուփիկ քողարկությանը,
Օվկիանոսների հավերժ կրկնվող խաղարկությանը,
Հավք ու թռչունի անբեկանելի ձվարկությանը։
Ո՛չ միայն գիտեմ.
Ես հավատո՛ւմ եմ,
Որ անհնար Է արևը բանտել,
Երկնակամարի զարդերը քանդել,
Խմորի նման հունցել ու գնդել
Կապույտը ծովի,
Ատելի լուսնին բռնել վռնդել
Երկնքից ծավի…
Ինչո՞ւ թաքցնեմ.
Ես ճանաչում եմ ու գիտեմ մարդուն:
Ի~ նչ ասես չկա նրա փակ սրտում։
Գիտի կործանե՛լ,
Բայց և… գո~րծ անել,
Մատնություն գրած նո՛ւյն իր ձեոքերով՝
Աշխարհը լցնել շռայլ բերքերով:
Նույն այդ ձեռքերով`
Ե՛վ ճրագ մարել,
Եվ խարույկ վառել:
Նու՛յն այդ ձեռքերով`
Ե՛վ դանակ խրել,
Ե՛վ վեպեր գրել։
Նա գիտի զարկե՛լ
Ու զրկե~լ գիտի,
Բայց գիտի գրկե՛լ
Ու փրկե~լ գիտի։
Նա գիտի կեղծե՛լ
Ու սրբապղծե՛լ,
Առավել ևս՝
Գիտի ստեղծե~լ։
Ես նրան հաճախ դատափետում եմ,
Երբեմն նրան նույնիսկ ատում եմ,
Բայց, ամենից շատ, խոր հավատո~ւմ եմ։
Ես հավատում եմ նրա բնության ո՛չ թերությանը`
Ստորությա՛նը
Ու չարությա՛նը,
Այլ խորությա~նը
Ու բարությա~նը.
Ոչ ծերությանը,
Այլ նորությա՛նը՝
Զավակի տեսքով անվերջ կրկնվող այդ հարությանը,-
Ես հավատում եմ կենդանի մարդուն,
Առավել` նրա ծնվելիք որդուն ։
Ես ավատում եմ նրա անուրջին.
Նա որտեղ որ է Մարս Էլ կթռչի,–
Նոր Է սկսում տիեզերական ճամփորդությունը։
Եվ Վեներայի լանջին կկառչի,—
Ես գիտեմ նրա տղամարդկային շանորդությունը…
Ես հավատում եմ նրա ծով խելքին
Եվ նույնիսկ՝ նրա հոտառությանը,
Ամե~ն ինչ տեսնող աչքերի ցոլքին
Եվ նույնիսկ՝ նրանց մթարությանը։
Ես հավատում եմ նրա մատների
Հար անհատնելի
ճարտարությանը,
Նրա ոտների
արդարությանը.
Մինչն իսկ եթե ճամփից էլ հանեն՝
Էլի~ ճար կանեն,
Տե՛ղ կհասցնեն…
Ես հավատում եմ հավատի~ն մարդու`
Իմ ա՛յս հավատին…
ՈՐԴՈՒՍ
Ինձ հետ լինի, թե առանց ինձ, իմ բալի՛կս, կմեծանաս,
Իմ օգնությամբ, թե առանց ինձ, դու երբևէ կհասկանաս,
Թե ոնց պիտի ապրել կյանքում, թե ոնց պիտի նայել կյանքին,
Թե աշխարհում ինչն է էժան, թե աշխարհում ինչն է անգին:
Ինքս էլ խրատ կարդացողին ո՛չ հարգում եմ, ո՛չ հանդուրժում,
Տափակ թե սուր քարոզներից ինքս էլ եմ միշտ, տղա՛ս, խորշում:
Ու թե հիմա, իմ բալի՛կս, ես քո գլխին ճառ եմ կարդում,
Ապա միայն նրա համար, որ շատ հաճախ կյանքում մարդու
Եթե իր մեծ բաժինն ունի ժամանակը, ինքը դարը,
Բայց և այնպես քիչ չի ազդում նաև ընտրած ճանապարհը:
Գուցե քեզ հետ նույնը լինի, որ պատել է հաճախ ինձ է՛լ.
Հաճախ շուրջս աչք ածելով, այն մարդկանց եմ ես նախանձել,
Որոնց կյանքը հեշտ է անցնում – ասես կյա՜նք չէ, այլ խճուղի`
Անխոչընդո՜տ և անարգելք, քանոնի պես հա՜րթ ու ուղիղ.
Դպրոց, հետո ինչ-որ մի ԲՈՒՀ, մի ազդեցիկ զանգահարող,–
Եվ տաք տեղն է ապահովված…
Այդպես ապրել դու չե՜ս կարող:
Չէի ուզի, որ քո կյանքը հարթ խճուղու նման լիներ:
Դու մի՛ անցիր ասֆալտ ճամփով, գերադասի՛ր ճամփա շինել:
*
Դու սիրո հետ միշտ հաշտ ապրիր, բայց խույս մի՛ տա տառապանքից.
Նա սրբում է աչքը փոշուց, նա մաքրում է հոգին ժանգից:
Տառապանքից չեն մեռնում, չէ՛, այլ ավելի են պնդանում,–
Ապաքինված սիրտը հետո գալիք ցավը հեշտ է տանում:
Ա՜խ, մի՛ նվա: Հայրդ երբեք չի հանդուրժում նվացողին…
Շատ ավելի լավ է, տղա՛ս, դառն արցունքով աչքըդ ցողիր
Ու քո ճամփան շարունակիր: Թո՛ղ որ լինի նա քարքարոտ,
Բայց քո հոգում եթե լինի բարո՛ւ, լավի՛, սիրո՛ կարոտ,
Դու չե՜ս հոգնի, դու կքայլես. կբարձրանաս դու սարն ի վեր:
Դրա համար ոգի է պետք, դրա համար պետք չեն թևեր:
*
Ազնի՛վ եղիր ամեն ինչում – ո՞վ է կայնքում սովից մեռել:
Ճշտի համար աքսոր չկա – ստի հանդեպ ինչու լռել:
Իսկ մեր շուրջը դեռ կան մարդիկ, որ երբ պետք է, մեջք են ծռում,
Երբ որ պետք է, հռհռում են, պե՞տք է` ժպտո՛ւմ, պե՞տք է` լռո՛ւմ,
Պե՞տք է` իրենց մատն են տնկում… Դու մի՛ եղիր կյանքում տհաս`
Դու հասկացի՛ր հենց այս գլխից, մի՛ մոռացիր երբեք, տղա՛ս.
Ազնըվությունն այն է միայն, որ չի փոխվում` ոնց էլ խուռ տաս,–
Նա մի ճերմակ երես ունի, ոչ թե յոթ-ութ գունեղ աստառ…
*
Մի՛ տրտնջա: Դու հիշո՞ւմ ես. «Ձախորդ օրեր… կուգան-կերթան»…
Մի՛ տրտնջա: Եթե լավից ետ ես ընկել` ինքդ հասիր…
Մի՛ տրտնջա, բայց և կյանքը գրքի նման դու մի՛ կարդա,
Գրքի նման` քեզնից հեռու, ինչ-որ օտար մարդկանց մասին…
Հպա՛րտ եղիր, բայց ոչ գոռոզ (դատարկ մարդն է գոռոզանում,
Հայրդ խելոք ու տխմարին դրանով էր զանազանում):
Հորդ նման հպա՛րտ զգա, որ ոչ մեկի տուն չես քանդել,
Ոչ մի ազնիվ խոսք չես կտրել, ոչ մի ազնիվ միտք չես բանտել,
Որ շիտակ ես քայլել կյանքում և լռել ես եթե հաճախ,
Ապա միայն նրա համար, որ առևտուրը մանարծախ
Հաճախ միայն զիզի-բիզի զանգուլակ է նետել շուկա,
Իսկ դու զուրկ ես զիզի-բիզուց, կեղծ դրամ էլ մոտըդ չկա…
*Դու փոքր ես դեռ, դեռ չգիտես, թե ոնց պիտի կյանքին նայել:
Դու փոքր ես դեռ: Երբ մեծանաս, դառնաս արդեն հասուն ջահել,
Խորհուրդներն իմ և՛ հնացած, և՛ ավելորդ թվան գուցե –
Կյանքում այնժամ էլ չլինեն նման բացեր, նման խոցեր:
Է՛հ, տա Աստված: Ես էլ կյանքում ուրիշ ոչինչ չեմ երազում
(Կույրը, տղա՛ս, ինչպես գիտես, երկու աչք է միայն ուզում):
Խորհուրդներն իմ թող հնանան… Ծաղիկն է լոկ այդպես մեռնում,
Երբ ամռանը ծառի վրա հասուն միրգ է արդեն դառնում:
Հանուն գալիք վառ խարույկի ես պատրաստ եմ այսօր ծխալ,
Հանուն վաղվա ճշմատության թող որ այսօր լինեմ սխալ…
***
Միևնույն է, թե հիմա որտեղ ես մաշում
Քո կոշիկները նրբին և քո սիրտը ժանտ,
Իսկ ես այն օրն եմ միայն անմոռաց հիշում,
Երբ սիրով եմ անվանել քեզ >։
Աներևույթ մի շղթա, ինչ–որ ամուր թել,
Որի ցավն եմ սրտիս մեջ ես զգում հանկարծ,
Ինձ կապել է քո բախտին, թեկուզ մենք արդեն
Անջատված ենք իրարից, զատված ենք անդարձ։
Մոռացել եմ ամեն ինչ, ինչ սիրտ է մաշում,
Ինչ կոպտորեն եղծում է պատկերդ գերող,
Ու մտքիս մեջ քեզ նորից անեղծ եմ հիշում,
Որ քեզ մտքով փայփայեմ սիրող ձեռքերով…
Բայց մոտիկից, ես գիտեմ, ողջը կցնդի,
Ողջն անիմաստ կդառնա խաղով քո հիմար,–
Դու հեռվի~ց ես հարազատ սիրող իմ սրտին,
Ես պատրաստ եմ լոկ հեռվու՛մ ապրել քեզ համար…
Գիտեմ՝ այստե՛ղ, ինչ–որ տեղ ինձ մո՜տ են մաշվում
Քո կոշիկները նրբին ու քո սիրտը ժանտ,
Բայց և գիտեմ… Ու հեռվից, հեռվում եմ հաշվում
Քեզ վերստին սիրելի, նորից հարազատ…
Չես հավատում
Ես տեսնում եմ՝ չես հավատում ո՛չ քո, ո՛չ իմ անցյալին.
Մեր հարուստը՝ աչքիդ աղքատ, կեղծ է թվում պանծալին։
Դու կարծում ես, որ ամեն ինչ, ողջը սուտ էր մեր միջև,
Ճիշտ էր միայն երկար ճամբան՝ լիքը փշեր ու խճեր:
Ճիշտ էր միայն սպասումը, որ և անցավ ապարդյուն —
Իզու՜ր էին մեր սրտերը սպասումից թփրտում։
Ճիշտ էր միայն արբեցումը այն սին բախտով, որ եկավ,–
Նա ոսկի չէր, այլ ոսկեզօծ, հետո պղինձ, վերջը՝ կավ…
Ես տեսնում եմ ՝ չես հավատում դու անցյալին իմ ու քո,
Չես հավատում ու չես տարվում նաև դու մեր գալիքով։
Չես հավատում, թե նա կգա, թե կլինենք բախտավոր,
Քեզ ամեն ինչ փուչ է թվում և ամեն ինչ՝ ախտավոր։
Քեզ թվում է, որ մենք իզու՜ր հանդիպեցինք մեկմեկու,–
Ո՛չ մեր սրտում՝ երջանկություն, ո՛չ մեր կյանքում՝ մեծ բեկում…
Իսկ ի՞նչ անենք, ո՞նց բաժանվենք, երբ սրտերը իմ ու քո
Թե սիրով էլ չեն շղթայված, գեթ կապված են տանջանքով…
Դ ՈՒ 
Դ՛ու՝
երկու տա՜ռ,
Դ՛ու՝
հասարա՜կ մի դերանուն,
Եվ ընդամենն այդ քո երկու՛ հատիկ տառով
Այս բովանդակ աշխարհին ես տեր անում…
Դ՛ւ՝
երկու տա՜ռ,
Ու ես գարնան հողի նման
Քո կենսատու ջերմությանն եմ ընտելնում…
Դ՛ւ՝
երկու տա՜ռ
Եվ ահա ես
Երջանկության համն եմ զգում իմ բերանում,
Անջատումին ըմբերանւմ
Եվ թերանում եվ կատարել հրամանը տառամանքի…
Դ՛ու՝
երկու տա՜ռ,
Ու ես, անգի՛ն,
Ինձանից ինքս վերանում՝
Փոշիացած հերոսների
Դասակին եմ ընկերանում…
Դո՛ւ՝
երկու տա՜ռ,
Ու երբ հանկարծ
Թողնւմ ես ինձ ու հեռանում՝
Լքվաց տան պես ճեղք եմ տալիս,
Ծեփըս թափում, անտերանում,
Եվ կսկիծը, ցեցի նման,
Բույն է դնում իմ սյունի մեջ,
Ձեղւնի մեջ ու գերանում…
Դ՛ու՝
երկու տա՜ռ,
Դ՛ու՝
հասարա՜կ մի դերանուն…

Պարույր Սևակ

Պարույր Սևակը ծնվել է 1924 թվականին Չանախչի (այժմ Սովետաշեն) գյուղում: Միջնակարգ կրթություն ստանալով տեղում, նա 1940 թվականին ընդունվում է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, որն ավարտում է 1945թ.-ին: Նույն թվականին ընդունվում է Հայաստանի գիտությունների ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրան` հայոց հին գրականության մասնագիտությամբ:
Համալսարանական և ասպիրանտական ուսուցման տարիները վճռական նշանակություն են ունենում Պարույր Սևակի հայացքների և իմացությունների ձևավորման գործում: Նա կարդում է համաշխարհային գրականության դասականներին, առավելապես նախասիրում Պուշկինի, Լերմոնտովի, Ուիտմենի, Հայնեի, Բլոկի, Մայակովսկու, Լորկայի, Էլյուարի բանաստեղծական արվեստը, տառացինորեն կլանում հայ քնարերգությունը` Նարեկացուց մինչև Դուրյան և Թումանյան, Սիամանթո և Վարուժան, Տերյան ու Չարենց: Ապա ուսումնասիրում է փիլիսոփայություն և պատմագիտություն, մասնագիտանում հայագիտության մեջ, ունկնդրում գիտական մտքի հայտնություններին:
Այս տարիներից էլ Սևակի ստեղծագործական հակումները դրվում են երկու սկզբի վրա` բանաստեղծ և գիտնական, հաճախ հոգեբանորեն հակասական ու իրարամերժ, բայց էապես ուժեղ ու պարտադրող:
1951 թվականին Պարույր Սևակը մեկնում է Մոսկվա, սովորելու Մ. Գորկու անվան գրկանության ինստիտուտում: Ավարտելով այն, նա 1957-1959 թվականներին աշխատում է նույն ինստիտուտում որպես գեղարվեստական թարգմանության ամբիոնի դասախոս: Այդ տարիներին հարստանում են բանաստեղծի աշխարհըմբռնումները, ընդլայնվում նրա տեսահորիզոնն ու կյանքի ճանաչողությունը: Արդեն լուրջ վաստակի տեր և լայն ճանաչում ստացած, Սևակը 1960 թվականին վերադառնում է Երևան: Սկսվում է գրական, գիտական ու հասարակական գործունեության արգասավոր ու բովանդակալից մի շրջան: Աշխատում է Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, որպես գիտաշխատող, վարում է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղարի պաշտոնը (1966-1971թթ), 1967 թվականին պաշտպանում է դիսերտացիա և ստանում բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
Սովետական գրականությանը մատուցած ծառայությունների համար Պարույր Սևակը 1967 թվականին պարգևատրվում է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով: 1968 թվականին նա ընտրվում է ՍՍՀՄ գերագույն սովետի դեպուտատ: Ու մինչդեռ նա իր ստեղծագործական հնարավորությունների փայլուն վերելքն էր ապրում, նրա իմաստացած միտքը ակնկալում էր նոր թռիչքներ, մտահաղացումներ ու ծրագրեր, տեղի է ունենում ծանր ողբերգությունը` 1971 թվականին հունիսի 17-ին Պ. Սևակը զոհ է գնում ավտովթարին: Նույն աղետից զոհվում է նաև նրա կինը` բանասեր ու թարգմանիչ և այնքան համակրելի Նելլի Մենաղարաշվիլին:
Պարույր Սևակի բանաստեղծական հակումները դրսևորվում են վաղ տարիներից: «Բանաստեղծություններ սկսել եմ գրել մանկական հասակից»_ խոստովանել է նա,_ տասնմեկ տարեկանից, բնավ որևէ իմաստ չդնելով դրանց մեջև: Ժամանակի ընթացքում ներշնչումների տարերային թրթիռները տեղին են տալիս գիտակցված որոնումներին և ձև տալիս գրական ուրույն նախասիրությունների. «Ես նորից սկսեցի ոտանավորներ գրել և տեսա, որ բոլորովին ուրիշ որակի են: Եվ իմ առաջին լուրջ փորձերը գալիս են Չարենցից, ապա` Սիամանթոյից ու Վարուժանից…»: Այդ փորձերի նմուշներով էր, որ առաջին անգամ բանաստեղծ Սևակը հանդես եկավ մամուլի էջերում և իր վրա բևեռեց գրական շրջանների հետաքրքրությունը:
Այդ տարիների բանաստեղծությունները, որոնց մի փոքր մասն է միայն լույս տեսել հետագա ժողովածուներում, իրենց վրա կրում են ժամանակի տրամադրությունների կնիքը: Պատերազմի ծանր օրերն էին` տագնապներով ու զրկանքներով, հույսի ու հավատի սպասումներով, որոնքարձագանք են գտնում բանաստեղծի խոհուն հոգում, առաջ բերում ներքին դեգերուներ, իրարամերժ խոհեր, կյանքի, աշխարհի, մարդկության ապագայի թախծոտ մտորումներ.

Պարույր Սևակ 《 Ինքնակենսագրություն 》

Ինքնակենսագրություն գրել նշանակում է վերհիշել անցյալը: Իսկ անցյալի վերհիշումը ոչ այլ ինչ է, քան անցյալին ներկայիս հայացքով նայել, այսինքն ոչ թե տեղափոխվել անցյալ, այլ անցյալը տեղափոխել ներկա. անցյալը ներկայացնել:
Սա անխուսափելի է մանավանդ նրանց համար, ովքեր արվեստագետ կոչվելու պատիվն ու պարտականությունն ունեն, և որոնց համար երեկը դառն ու քաղցր հուշերի օթևան չէ, այլ մտորումների օրրան:
Ուստի և իմ ինքնակենսագրության փորձը պիտի դաոնա ոչ թե հուշերի երեկո, այլ փորձարկման ստուգում:
Ինքնակենսագրություն գրել նաև նշանակում է գաղտնիքներ ասել: Բայց ասված գաղտնիքը ոչինչ չարժի, եթե չի գալիս բացահայտելու գաղտնիքների գաղտնիքը խորհուրդը:
Ուստի և իմ հուշերը պիտի դառնան առիթ խորհրդածությունների, և իմ ինքնակենսագրությունը` փորձ ինքնաթարգմանության:
Բարեբախտություն ունեմ այս էջերը գրելու հենց իմ ծննդավայրում` Հայկական ՍՍՀ Վեդու շրջանի Սովետաշեն (նախկին Չանախչի) գյուղում: Բնությունը` այդ մեծագույն փորձարարը, այսօր տվեց այլակերպության իր հերթական դասը. տեղաց աոաջին ձյունը, որ կարողացավ իր բարությամբ փոքրիշատե մեղմել այս լեռնաշխարհի դիմանկարի խստությունը: Իմ համագյուղացիք իրենց գյուղի մասին առածանման խոսք ունեն. Քառասուն ձոր, ամեն ձորում էլ` քառասուն ձոր: Իսկ որտեղ ձոր, այնտեղ էլ սար: Եվ ահա առաջին ձյունը եկավ այդ քառասուն անգամ քառասուն ձոր ու սարի վայրիվերումները փոքր-ինչ հարթելու: Հողն ու քարը (դժվար է ասել, թե այստեղ սրանցից որն է շատ) հանձնվել են սպիտակի մեղսագործությանը: Միայն տերևաթափ ծառերն են համառաբար ընդգծում իրենց սևը` վանականների պես իրենց հավատարմությունը վկայելով երկնքին…
Բայց միայն ձյունից չէ և միայն այսօր չէ փոխվել իմ ծննդավայրը: Քառասուն տարի առաջ այստեղ հարթ ու հողածածկ տանիք չուներ միայն եկեղեցին: Գարնանը թզաչափ խոտ էր ծփում տանիքների վրա և նրանց մեջ եկեղեցին, իր թիթեղե դեղինով, հիշեցնում էր կանաչի մեջ ծնրած ուղտ: Չլիներ նա` կարելի էր կարծել, թե գյուղն ունի մի ընդհանուր տափակ տանիք. տները մեջք մեջքի էին տվել, հպվել իրար, ինչպես բուքից հալածված անասունները, իսկ եղած ծուռտիկ-մուռտիկ փողոցներն էլ (ամոթ է փողոց ասելը) այնքան էին նեղլիկ, որ Տեառնընդառաջի տոնին չափահաս երեխաները, խարույկների վրայից թռչկոտելով, կրակ էին տանում գյուղի մի ծայրից մյուսը ոչ թե փողոցներով, այլ տանիքների վրայով…
Պատմության կամեցողությամբ հորս կրթությունը վերջացել է գրաճանաչությամբ: Մայրս այդ բախտին էլ չի արժանացել: Հայոց այբուբենի ամենահեշտ գրվող տառը ս-ն է: Եվ փոքրիկ քույրս հաճախ էր մորս հոգին հանում. Բաս գրել էլ չգիտես: Չգիտեր ու չգիտի…
Այդ պատճառով չէր արդյոք, որ ապրածս կյանքի կեսից ավելին (ամբողջ 23 տարի) անցավ ուսման վրա:
Դպրոց գնացի շատ վաղ` 6 տարեկան հասակում, ըստ որում արդեն գրաճանաչ և թվաբանական 4 գործողությանը տեղյակ: Միջնակարգն ավարտեցի գյուղում: Սիրում էի բոլոր առարկաները, այդ թվում նաև ֆիզիկա — մաթեմատիկականները: Դժվարանում եմ ասել, թե ինչն էր ավելի մեծ հաճույք պատճառում. երազած վեպի ընթերցանությունը, թե երկրաչափական խնդիրների լուծումը:
Զարթոնքի տարիներ էին, բայց և դժվարին տարիներ: Չկար թուղթ ու մատիտ: Չկար դասագիրք: Հաճախ ամբողջ դասարանը սովորում էր մեկ հատիկ դասագրքով: Պակասում էին ուսուցիչները, եղածներն էլ`միջնակարգ և նույնիսկ թերի միջնակարգ կրթության տեր: 9-րդ դասարանում, օրինակ, մեր ֆիզկուլտուրայի դասատուն էր որքան հաղթանդամ, նույնքան համակրելի մի երիտասարդ: Նույն այդ երիտասարդը 1Օ-րդ դասարանում ստիպված էր մեզ գրականություն ավանդել: Երեկ` ֆիզկուլտուրա, այսօր` գրականություն: Եվ դասավանդեց. գիշերները ես գրում էի հաջորդ օրվա մեր անցնելիք գրողի կյանքն ու գրական գործունեությունը, և առավոտյան նա թելադրում էր մեզ իմ գրածը, ըստ որում բոլորի հետ մեկտեղ նրա թելադրածը գրում էի նաև ես: Եվ այդպես` կլոր տարին…
Դեռ չէի ածիլվում, երբ ընդունվեցի Երևանի պետական համալսարանի բանասիրական բաժանմունքը` հիասթափեցնելով իմ բոլոր դասատուներին, բացի գրականության ուսուցչից և … մորիցս, եթե սա իմանար, թե ինչ բան է բանասիրականը և ինչու եմ ընդունվել այդ բաժանմունքը: Ուսուցիչներիցս յուրաքանչյուրը համոզված էր, որ պիտի ուսումս շարունակեմ իր առարկայի խորացմամբ: Գաղտնապահ երեխա էի: Ոչ թե ծածկամիտ, այլ գաղտնապահ: Այն ժամանակ ես չգիտեի, իհարկե, ինքնասիրություն, առավել ևս արժանապատվություն բառերը: Բայց հիմա գիտեմ, որ գաղտնապահությունը պայմանավորվում է այդ հատկանիշներով: Եվ գիտեմ նաև, որ գաղտնապահ երեխաները հետագայում դառնում են շատ անկեղծ և ուղղամիտ մարդիկ…
Եվ գաղտնապահ էի հատկապես մի բանում:
Տասնմեկ տարեկան էի, երբ գրեցի աոաջին ոտանավորս: Եվ ինչի մասին չէր, այլ ում: Զինաիդայի մասին: Այս Զինաիդան էլ դասընկերուհիս չէր, այլ… Տուրգենևի հերոսուհին: Գիրք չկար: Գյուղից գյուղ էինք գնում` գիրք խնդրելու: Կյանքումս մեծ գողություն էլ եմ արել. 3-4 հոգով կտրեցինք շրջակա 3-4 գյուղի դպրոցական գրադարանները` կեսգիշերին, գողության բոլոր կանոնների համաձայն: Գողություն` կարդալու ծարավից: Գլխավորը ես էի: Ու գրքերի մեծագույն մասն էլ ինձ էր հասնում: Ու կարդում էի ամեն ինչ. արգելված Րաֆֆու բզկտված վեպը (կեսն արտագրեցի), Դարվինի Տեսակների ծագումը (կոնսպեկտավորեցի), մենագրություն Դավիդ Ռիկարդոյի և Ադամ Սմիթի մասին (ինչպես հասկանայի) և նույնիսկ… Ռազմական արվեստ (ինչ հասկանայի): Եվ որովհետև այդ օրերին լույս էր տեսել Տուրգենևի Երկեր–ի առաջին հատորը, ուրեմն` նաև Առաջին սեր-ը: Տասնմեկամյա մանուկն ինչ էր հասկացել այդ սքանչելի վիպակից, — դժվարանում է ասել իր 41-ամյա աճորդը: Բայց որ նա իր աոաջին ոտանավորը գրել է ոչ թե տոնածառի, մայիսի 1-ի, կամ մեկ այլ տոնի մասին, այլ տուրգենևյան Զինաիդայի, — սրտաշարժ փաստ չէ:
Կարդում էի…
Ու մերոնք երկյուղում էին, թե… կգժվեմ: Գյուղացիք համոզված էին, որ շատ կարդալուց մարդկանց աչքերին կամ սև ջուր է իջնում, կամ խելքներն են թռցնում: Ծնողներիս վախը կրկնապատիկ էր, որովհետև մեր գյուղացիք համոզված են եղել, որ իմ հայրական պապը… շատ կարդալուց գժվել է: Եվ անհիմն էլ չի եղել նրանց կարծիքը: Պատմում էին, որ նա` եզները լծած, սերմացուն ջորուն բարձած, գնում է վար անելու և ինչ-որ գիրք բացելով` մոռանում է ոչ միայն լծված եզների գոյությունը, այլև այն, որ սերմացուի 8 փթանոց պարկերը չի իջեցրել ջորուց:
Պապիս գժվածության մասին այսօրինակ տասնյակ այլ ապացույցներ էլ էին պտտվում: Բայց հետագայում, 30-ական թվականների վերջերին, նրա հատուկենտ ժամանակակիցները սկսեցին հիշել նույնքան և ավելի ապացույցներ` այս անգամ էլ այն մասին, որ պապս ոչ թե խելագար էր, այլ… համարյա թե մարգարե, որովհետև… օղորմածիկը ինչ որ ասում էր` կատարվեց…
Եվ, հավանաբար, պապեկան այդ արյունն էր շրջում մեջս` ստիպելով գիշերներ լուսացնել ձեռքս ընկած գրքի վրա և վախ ներշնչելով ծնողներիս, թե ես էլ շատ կարդալուց կգժվեմ: Եվ որովհետև նրանց խրատ-հորդորանքը արդյունք չէր տալիս (ես շարունակում էի գժվելու ճանապարհը), ապա անգրագետ մայրս հաճախ էր տեղիք տալիս հետևյալ երկխոսությանը.
— էսքան որ կարդում ես, աչքերիդ մեռնեմ, ինչ պիտի դաոնաս. վարժապետ:
— Բա ինչ, — պատասխանում էի ես:
— Ոնց որ էս բոլոր վարժապետները:
— Բա ո¯նց:
— Էհ, կուրանամ ես, չելավ…
— Բա ինչ կուզեիր, որ լինեի:
Մայրս, ինչպես ասացի, անգրագետ է: Նա, բնական է, չգիտեր ոչ գրող, ոչ էլ բանաստեղծ բառերը: Բայց նա ակամա լսում էր իմ ու քրոջս բարձրաձայն ընթերցանությունը, ուստի և գիտեր, օրինակ, Գիքորի տխուր պատմությունը: Այն ժամանակ նա տակավին միտը չէր պահել նույնիսկ Հովհաննես Թումանյանի անունը: Ուստի և իմ Բա ինչ կուզեիր, որ լինեմ հարցին պատասխանում էր.
— Էսքան որ կարդում ես, գոնե դառնայիր էն Գիքոր–ը գրողի պես մարդ:
Ես` գաղտնիքս մեծ — ինքս փոքրիկ, արդեն վաղուց համոզված էի (ոչ թե երազում էի, այլ համոզված էի), որ դառնալու եմ Էն Գիքոր–ը գրողի պես մարդ, այսինքն` գրող կամ բանաստեղծ: Բայց այդ մասին գիտեի լոկ ես ու մեկ էլ… Աստված: Եվ կյանքիս աոաջին մեծ զարմանքն էր, թե որտեղից մայրս իմացավ այն, ինչ հայտնի է միայն Աստծուն: Այն ժամանակ ես չգիտեի, որ եթե բանաստեղծները Աստծու հետ ունեն միջնորդված առնչություն, ապա նրանց մայրերը Աստծուն հաղորդակից են անմիջապես…
Էն Գիքոր–ը գրողի պես մարդ դառնալու անկասկած համոզվածությամբ էլ ես համալսարան գնացի: Այն ժամանակ լրագրերում տպված ամեն մի ոտանավոր ինձ թվում էր գլուխգործոց և ոտանավորի գլխին կամ տակը տպված ամեն մի ազգանուն` հանճար: Բայց համալսարանական կյանքիս աոաջին իսկ ամիսը իմ հափշտակության և համոզվածության վրա ոչ միայն պաղ ջուր լցրեց, այլև մտրակեց ինձ կրակե այն խարազանով, որի շաչյունի բառացի թարգմանությունն է ուշքի գալ–ը:
Ամենից առաջ` իսկույն հասկացա, որ բան չգիտեմ, այսինքն` գիտեմ լոկ այն, ինչ գրված է եղել մեր քրեստոմատիայում. հատված մի վիթխարի վեպից (բայց ոչ վեպը), երկու ոտանավոր` մի մեծ բանաստեղծից (բայց ոչ բանաստեղծին), երկու սուտ ու կես ճիշտ (բայց ոչ խեղաթյուրված ճշմարտությունը), ոչ թե գրական քիչ թե շատ նկատելի ընթացք, այլ մի քանի տուփերի ոխերիմ հարևանություն` խոշոր բուրժուազիայի գաղափարախոս, մանր բուրժուազիայի ներկայացուցիչ, պրոլետարական գրականության վետերան, թթու նացիոնալիստ, կղերական մտածողության քարոզիչ… Նույնիսկ հայոց գրականությունից իմացածս ավելին չէր, քան Գերագույն սովետի պատգամավորների ցուցակը. անուն-ազգանուններ` համառոտ կենսագրությամբ, և գործունեության առավել քան աչառու շարադրանք, բայց ոչ բուն գործունեություն:
Նաև չուշացա հասկանալ, որ անգրագետ եմ: Այն ժամանակ դեռ ականջիս չէր հասել Մաքսիմ Գորկու ահռելի ճիչը. Ինչ երջանկություն է գրագետ լինելը: Բայց ինձ այդ ճիչը չհամակեց միայն, այլև սարսափի մատնեց, երբ ոչ թե իմացա ի լրո, այլ զգացի սեփական ուղն ու ծուծովս, որ եթե գրագետ լինելը դժվար է ընդհանրապես, ապա քառակի դժվար է գրագետ լինելը հայերենից, որովհետև հայոց լեզուն լավ իմանալ նշանակում է տիրապետել… չորս գրական լեզվի (գրաբար, միջին հայերեն, արևմտահայերեն, արևելահայերեն): Իսկ եթե սրան էլ ավելացնենք, որ հայերենն ունի նաև 60 բարբառ, որոնցից շատերն իրարից ավելի են հեռու, քան ռուսերենը ուկրաիներենից, և որ իմ մայրենի բարբառը գրական հայերենին մոտիկ է նույնքան, որքան չեխերենը ռուսերենին, — ապա կուրվագծվեն հայերենը տիրապետելու դժվարության մոտավոր սահմանները:
Բայց իմ ահավոր հիասթափությունը չէր վերջանում միայն այսքանով` այս երկկողմանիությամբ: Իմ հիասթափությունը խորանարդվեց` ստանալով նաև երրորդ նիստ. հասկացա, որ ես… բանաստեղծ չեմ:
Դա ինձ հասկացրեց, ամենից և ամենքից առաջ, Եղիշե Չարենցը:
Ես այդպես էլ բախտ չունեցա նրան տեսնելու. Երևան գալուցս երեք տարի առաջ նրան սպանել էին բանտում: Նրա գրքերն այրված էին. նրա անունը տվողին սպառնում էր բանտ ու աքսոր. ում երեկ պաշտոնապես կոչում էին սովետահայ գրականության ողնաշար, այսօր դարձել էր ժողովրդի թշնամի : Բայց դեռ մնացել էին մարդիկ, որոնք պահել էին նրա այս կամ այն գիրքը` իրենց և իրենց ընտանիքը կործանելու վտանգը կոխելով: Ու նրանց միջոցով էլ Չարենցը նստեց հանրակացարանային իմ չոր մահճակալին, մինչև վերջ բացվեց իմ առջև, և հենց այն է ուզում էր ասել, երբ ես կանխեցի նրան և ինքս ասացի.
— Հասկացա, որ բանաստեղծ չեմ:
Հասկացա, որովհետև մինչև այդ կարծում էի, թե բանաստեղծությունը ոտանավոր գրելն է` օրացուցային այս կամ այն թվականի առթիվ, գովքն է` հանճարեղ առաջնորդի կամ նրա մարտական զինակցի, խառնուրդն է երկու բաժին ծաղկի և մի բաժին առվի ջրի, երբ պետք է` վերամբարձ-ճոռոմ ոճով (որ անում էին մարտիկ–պոետներ–ը), եթե հարկավոր է` աշուղական հանգով (որ բնագավառն էր հուզական լիրիկա–յի): Ես տակավին չէի նկատել, որ այսօրինակ գրականությունը, վերջին հաշվով, զբաղված է ոչ այլ ինչով, քան չակերտներ դնելով, իսկ հիմա սկսում էի հասկանալ, որ գրողի առաջնահերթ պարտականությունը փակագծեր բացելն է և ոչ թե չակերտներ դնելը: Ես դեռ չգիտեի, որ քաղաքականությունը միջնորդ է բանաստեղծի և ժամանակի միջև, բայց սկսում էի կռահել, որ այդ միջնորդը, տվյալ պայմաններում, ոչ այնքան գործ է սարքում, որքան փչացնում:
Ես սկսում էի փրփուրի ու քափի ոչ բարով պոեզիան զանազանել ճշմարիտ բանաստեղծությունից և հասկանալ,
որ այս վերջինիս մասին է մեր 20-ամյա մեռած հանճարը ասել. Ոհ, հատակն են իմ փրփուրներս (Պ. Դուրյան).
որ… բանաստեղծությունը շղթայել օրացույցին` նույնն է թե Բախի խորալը նվագել ստադիոնում կամ Խորհրդավոր ընթրիքը փակցնել բաղնիքում.
որ… ճշմարիտ բանաստեղծությունը գործ չունի ալելուիա–ի և ամեն–ի հետ. ամենաշատը` նա կարող է մարդկանց տոն պարգևել կամ մեղմել սգի կսկիծը.
որ… ճշմարիտ բանաստեղծություն գրելը պիտի լինի ինքնազատագրության պես բան և ոչ թե թամադայություն.
որ… բանաստեղծը ներքին այրման շարժիչ է և ոչ թե ջրաղացի անիվ` օտար մի ուժով պտտվող.
որ… բանաստեղծ կոչումը կրծքանշան չէ` առնես ու ամրացնես կրծքիդ կամ գլխարկիդ. բանաստեղծը նա է, ով ունի իր ստորերկրյա ջուրը, իր արտեզյան երակը.
որ, վերջապես, գրելու և գրելացավի միջև ընկած է մի անտեսանելի անդունդ, մի երևակայելի, բայց անժխտելի ջրբաժան գիծ, մի, եթե կուզեք, փոքրիկ… առվակ, որի մեջ, սակայն, հազարավորներն են խեղդվում:
Չարենցն ինձ օգնեց տեսնելու այդ անդունդը, այդ ջրբաժան գիծը և այն փոքրիկ առվակը, որի մեջ ես չուզեցի խեղդվել: Միայն Չարենցը հազիվ թե օգներ, եթե նրան չաջակցեր իմ սեփականությունը` ինքնասիրության և արժանապատվության զգացումը
Լավ է լինել լավ ընթերցող, քան վատ գրող:
Ու ես երդվեցի` այլևս ոտանավոր չգրել: Եվ իսկապես էլ չգրեցի: Ես ինձ տվեցի ուսման և, աոաջին հերթին, հին հայերենի իմացությանը: Հայ բազմադարյան գրականությունը կամաց — կամաց դադարեց լինելուց: Ես ինձ լրջորեն նախապատրաստում էի գրականագիտության և բանասիրության: Այսպես անցավ համալսարանական երկու տարիս: Չմոռանամ ասելու (մոռանալու բան է), որ համալսարանական ուսումնառությունս համընկավ պատերազմին. պատերազմն սկսվեց, երբ ես ավարտում էի աոաջին տարվա դասընթացը, և ավարտվեց, երբ ես ավարտում էի համալսարանը: Պատերազմին չմասնակցելուս պատճառը տարիքս էր (միայն երկրորդ կուրսի վերջում զինվորական գրքույկ ստացա), և որովհետև երրորդ կուրսը փաստորեն վերջին կուրս էր (4—5 կուրսերին միանգամից ավարտեցրին ու բանակ տարան), ապա, ըստ գործող օրենքի, մեր կուրսեցիք ի տակ եղան մինչև պատերազմի վերջը: Իմ փոխարեն 50-ամյա հայրս էր բանակում…
Ինչ տարիներ էին: Հիշելն անգամ սարսուռ է պատճառում: Սով: Ցուրտ: Փայտոջիլների արշավանք: Էլեկտրական լամպի այրվելն անգամ հավասար էր հացի գրքույկ կորցնելուն, որովհետև նոր լամպ ճարելը համարյա թե անհնարին էր (տղաներից մեկին, որ շուտով գիտությունների դոկտոր է դառնալու, համալսարանից հեռացրեցին` արտաքնոցից մի լամպ գողանալու համար: Արտառոց է թվում, թե մենք ինչպես չմեռանք սովից կամ թոքախտից: Բայց չմեռանք: Ավելին. լցվեցինք նոր հյութերով, նոր ըմբռնողությամբ, նոր սիրով ու ատելությամբ…
Ես սիրում եմ լավ ձեռագիրը, ինչպես այլոք սիրում են լավ հագուստ կամ գեղեցիկ իրեր: Ու եթե շատերն են կոլեկցիոներություն անում, ապա իմ կոլեկցիոներությունն էլ դրսևորվում է գեղեցիկ գրեր ընդօրինակելու մեջ: Ու մի դասընկեր ունեի, որի ե–ն շատ հավանում էի և ջանում ընդօրինակելով յուրացնել: Հանրակացարանային սեղանի սփռոցը (այն էլ պատերազմի տարիներին) չէր կարող լինել այլ բան, քան լրագիրը: Հիշում եմ, որ այդ սփռոց–ի վրա ես անվերջ վարժվում էի ե գրելուն: Հետո չեմ հիշում ոչինչ. կարծես քունս տարած լիներ: Իսկ երբ արթնացա բանից պարզվեց, որ լրագրի ամբողջ էջով մեկ գրվել է մի — տեր Աստված — բանաստեղծություն: Այսպես ես, ակամա, երդմնազանց եղա (չէ որ երդվել էի ոտանավոր չգրել), բայց գործածս մեծ մեղքը ինքս ինձ ներեցի, երբ կարդալով գրածս` տեսա, որ ե-ով սկսվող այդ ոտանավորը այլևս ոտանավոր չէ, այլ բանաստեղծություն:
Նշանավոր 1942-ին էր դա, այն թվականին, երբ բեկում սկսվեց պատերազմի մեջ: Իմ սեփական բեկումն էլ կատարվեց նույն թվականին:
Առաջին լուրջ բանաստեղծությունս, որ անտիպ է, ինչպես այդ տարիներին գրած իմ համարյա բոլոր բանաստեղծությունները, հենց այդպես էլ կոչվում է` Լինել թե չլինել: Ես գիտակցաբար որոշել էի չլինել: Իմ ես–ի տակ գտնվող ես–ը վճռել էր լինել…
Նույն թվականին էլ գրական ամսագրում խմբագիրը հանդգնեց տպել իմ առաջին բանաստեղծությունները: Ասում եմ հանդգնեց, որովհետև կյանքը չուշացավ ապացուցելու, որ դա իսկապես հանդգնություն էր այդ օրերին: Խմբագիրը հեռացվեց (նաև այդ պատճառով) Իսկ ինձ դարձրեցին մի… քայլող կախարան, որ զրնգացնում էր իր վրայից կախ տրված բազմաթիվ իզմ–երի զանգուլակները: Հիմա, մտովի վերադառնալով այդ օրերը, առավել պարզ եմ տեսնում իմ մեղքը, որ մոտենում էր հանցագործության. ես բաց դռներ չէի ծեծել, ուստի և իմ ճակատին շրխկացին բոլոր բաց դռները, և բանը վերջացավ այնպես, ինչպես ավարտվում է հիշածս Լինել թե չլինել բանաստեղծությունը. Դեռ սկիզբ չունեցած` ունեցա վերջ: Այլևս տպագիր ոչ մի տող` մինչև 1948 թվականը:
Հին Եգիպտոսում մի սովորույթ է եղել. սանդալի ներբանին նկարում էին թշնամուն, այսպիսով ամեն օր կոխկրտում էին նրա արժանապատվությունը: Սանդալ ամեն ոք կարող է ունենալ, բայց ամեն մի արժանապատվություն գետնին չի փռվում, որ կոխկրտվի: Արժանապատվությանս կողքին էլ դեռ այնքան շատ բան կար անելու, որ տպագրվելու կամ իզմ–երից ազատագրվելու մասին` մտածելու ժամանակ չկար: Ավարտեցի համալսարանը: Ընդունվեցի ասպիրանտուրա հայոց հին և միջնադարյան գրականություն մասնագիտությամբ: Վերջացել էր արյունոտ պատերազմը, բայց միայն պատերազմական վերքերը չէին, որ մխում էին. բացվում էին նորանոր վերքեր: Հայրենիքի հայրը Հայրենիք ասելով սեփական կալվածք էր հասկանում:Բոլոր ժամանակների հանճարը, երդվելով պատմության անվամբ, չէր հասկանում, որ անհնարին է կռվել պատմության հետ: Եվ բոլոր ժողովուրդների հայրը չէր ուզում հասկանալ, որ պետք չէ բոլոր ժողովուրդների հերն ու մերը անիծել` ժողովուրդ բառը դարձնելով դիմակ աբսոլյուտիզմի համար: Ասում էր` Կադրերն են որոշում ամեն ինչ, բայց այդ կադրերի ֆիզիկական կամ բարոյական ոչնչացումը իր հաճույքներից մեծագույնն էր: Մարդուն կոչում էր ամենաթանկ կապիտալ, բայց այդ կապիտալը ծախսում էր այնպես, կարծես թշնամական երկրի ավար լիներ: Մի անգամ անկեղծ եղավ մարդուն կոչեց բունմուկ: Բայց դա էլ կիսատ անկեղծություն էր, որովհետև նա մարդուն ոչ միայն բունմուկ էր համարում, այլև կեղտոտ բուրդ կամ փալաս, որոնք լվացվում-մաքրվում են, ինչպես գիտենք, ծեծելով: Բայց մարդը, նույնպես գիտենք, որքան բունմուկ չէ, առավել ևս կեղտոտ բուրդ կամ փալաս չէ…
Գեղեցիկը միշտ չէ, որ առողջ է, մինչդեռ առողջը միշտ գեղեցիկ է: Գեղեցիկ էր մեր երազանքը, գեղեցիկ էր մեր նպատակը, գեղեցիկ էին մեր խոսքերն ու կոչերը:
Բայց անառողջ էր կյանքն ու իրականությունը: 37 թվանշանը ողջ աշխարհի համար ունի միայն մեկ նշանակություն. 37-ը մարդու նորմալ ջերմաստիճանն է: Իսկ մեզ համար դա (37 թվականը) ջերմաստիճանի մի այնպիսի աննորմալ բարձրացում էր, որ միլիոնավոր մարդկանց սառցահարեց մենախցերում, Սիբիրում, բևեռամերձ գոտում, իսկ մնացածներին էլ` իրենց տանը, իրենց սրտի մեջ: Շքահանդեսներ և հոբելյաններ սիրող ՙՀայրենիքի հայրը՚ չկարողացավ չկատարել 1937-ի 10-ամյա հոբելյանը` 1946 — 48 թվականները դարձնելով 1937-ի վերահրատարակություն: Այս ամենը առավել սուր էր զգացվում արվեստի ու գիտության աշխարհում, որտեղ գործողներին նա կոչում էր օգնական վսեմ բառով, բայց փաստորեն դա նվաստացուցիչ պոչ–ի իմաստն ուներ: Մեր կյանքն այլ բան չէր, քան պարտքի վեհ գիտակցություն, և միթե արժեր, որ մեր կյանքն անցներ պարտքի այդ վեհ գիտակցության և մահալից տագնապի արանքում: Մեր կյանքն այլ բան չէր, քան անմնացորդ ծառայություն երկրին ու ժողովրդին: Եվ արժեր այդ վսեմ ծառայությունը հանգեցնել լեզվազուրկ և մտազուրկ ծառայի դերին: Այդ տարիներին ամեն ազնիվ մարդ եթե պիտի ծիծաղեր, ապա արցունքների միջից, այնինչ ստիպված ծիծաղում էին արցունքոտվելու չափ: Բոլոր թվերից երջանկագույնը դարձել էր 3-ը, որովհետև դա էր խորհրդանիշը Նորին Մեծություն Միջակության: Լավագույն անտառի նմուշը… գազոնն էր: Արվեստագետի ստեղծագործությունը նմանվել էր թվաբանական խնդիր լուծող աշակերտի գործի. խնդրագրքի վերջում տրված էր խնդրի պատասխանը. արվեստագետի գործն էր ամեն ինչ անել, որպեսզի ստացվի նախապես տրված պատասխանը: Մինչդեռ արվեստագետը աշակերտ չէ, այլ մաթեմատիկոս, որ ինքն է նորանոր խնդիրներ կազմում: Ամեն ինչ արվում էր, որ բանաստեղծությունը դառնա պատրաստի պատասխան նախապես տրված հարցի, ինչպես, օրինակ, պիոներների Միշտ պատրաստ պատասխանը: Մինչդեռ բանաստեղծության աշխարհում կարող է տեղ ունենալ ամեն արարած, բացի… թութակից: Իսկ մեր այն ժամանակվա վեպերի ճնշող մեծամասնությունը. դրանք անպատճառ պիտի վերջանային այնպես, ինչպես Սուրբ գիրքը` Հայտնությամբ և Ահեղ դատաստանով. չարերը պիտի պատժվեին, բարիները… պարգևատրվեին…
Հայերս առած ունենք. Մեռածի ետևից` կամ լավը, կամ ոչ մի բան: Բայց խոսքը Ստալինի մասին չէ, այլ Ստալինիզմի, որ անհատ չէր, այլ երևույթ, իսկ եթե անհատ էր, ապա ծնել էր պաշտամունքը ոչ միայն Անհատի, այլև Անհատազրկության Ուստի և սեփական կարծիք ունենալը հավասարվել էր հերետիկոսության: Չէր կարելի ունենալ նույնիսկ սեփական բառապաշար. համանիշների խրձից ընդունելի էր միայն մեկը` այն, որ մաշվում էր լրագրերի մեջ.հարյուրավոր բառերի և դարձվածքների վրա դրված էր տաբու, այդ թվում նաև ես–ի` իր բոլոր հոլովաձևերով: Մինչդեռ զսպվածությունը հասցրել էին համարյա թե քաղաքական մեծ խելքի կամ հավատամքի աստիճանի` մոռացության տալով, որ նմանօրինակ զսպվածությունը կարող է իր հերթին հասցնել երիկամների անբուժելի հիվանդության, իսկ այդպիսի հավատամքից կարող է մեռնել ինքը հավատը…
Բախտավորությունը հազար ու մի ձևերով է դրսևորվում: Բայց դրանց մեջ լավագույնը, ըստ իս, ճիշտ սերվելն է: Մարդիկ միշտ գոհ են իրենց խելքից և դժգոհ իրենց բախտից: Թող նույն մարդիկ ինձ արտառոց բացառություն համարեն. ես գոհ եմ իմ բախտից: Ես, ինչպես երևում է, ճիշտ էի սերվել: Սկսած 1942-ից, այսինքն` իմ գիտակցական կյանքի սեմից, ես կյանքին ու աշխարհին նայում էի այնպես, ինչը հետագայում (XX համագումարի որոշումներով) դարձավ համընդհանուր կանոն մեր կյանքի ու երկրի համար: Շնորհիվ այս բանի էլ, իմ շատ գրչակիցների համեմատությամբ, ես կարողացա խուսափել շատ մեղքերից: Մեղքերից, բայց ոչ դժբախտությունից: Իմ կյանքի լավագույն տասնամյակը անցավ ինքնամաքառման մեջ. ամեն ինչ գնաց երկու բանի վրա: Նախ դիմանալու: Դիմացա, բայց ինչ գնով: Իմ տասը տարվա աշխատանքը մնաց ու մնում է գզրոցում. իր ժամանակին` չէր կարելի, իսկ հիմա` չարժի: Այդ տարիներին ես հասկացա, որ մի բան մտածել և այլ բան ասելը անբարոյականության վատթարագույն տեսակն է, ինչպես որ հարկադրաբար սիրելն էլ վատթարագույն շնականությունն է:
Ես այն ժամանակ չգիտեի, որ կվակուտի ցեղի հնդիկների համար ապրանք կամ դրամ պարտք վերցնելը հավասարազոր է խայտառակության: Պարտք վերցնողը գրավ է դնում իր անունը և մինչև վերադարձնելը մնում է անանուն: Ծանոթները նրան հանդիպելիս բարևում են ձեռքի արհամարհական թափահարմամբ կամ արհամարհական կանչով: Բազմատեսակ կարիքների մեջ` ես գերադասեցի պարտք չվերցնել, որովհետև արվեստագետն իր անունը պիտի թանկ գնահատի իր կյանքից էլ առավել: Ես տեսնում էի, որ իմ շրջապատում, կվակուտի ցեղի վերոհիշյալ սովորույթին հակառակ, պարտք վերցնողները իրենց անունը ոչ միայն գրավ չեն դնում ու մնում անանուն, այլև,ընդհակառակը, դրանով իսկ մեծ անուն են հանում: Բայց ես գիտեի, որ դա անցողիկ է: Ես գիտեի, որ լերմոնտովյան ժամանակը չի նայում դժվարությանը խոսքը որքան սիրո մասին է, կրկնակի` արվեստի: Ես հասկացել էի, որ ժամանակը արվեստի համար պիտի բարի հայր լինի և ոչ թե բռի ամուսին. ժամանակը պիտի պահի ու մեծացնի նրան, մանկան պես, և ոչ թե բռնաբարի ու խոհանոց քշի: Առածն ասում է, որ Եթե ժամանակը սրտովդ չէ` դու ժամանակի սրտովը եղիր: Այս առածի մեկ ուրիշ արյունակիցն էլ ձայնակցում է, թե` Որտեղ հաց` այնտեղ կաց: Եթե սրանք ուղեցույց կարող են լինել նույնիսկ ամեն մարդու համար, ապա ոչ արվեստագետի: Եվ արվեստագետ է եղել այն եբրայեցին, որ շշնջացել է.Ոչ միայն հացի կեցցէ Եվ արվեստագետ կլինի նա, ով կհասկանա, որ ըմբռնել չի նշանակում ընդունել, և որ դղիրդը միշտ սկսվում է շշուկից, ուստի և պիտի ականջալուր լինել ժամանակի շշուկին ավելի, քան դղիրդին…
Այս է, որ կոչվում է դիմանալ: Բայց մարդը ժայռ չէ. այս դեպքում դիմանալն էլ որևէ արժեք չէր ունենա: Մարդու լավագույն բնորոշումը, ըստ իս, Պասկալինն է, որ մարդուն դյուրաթեք եղեգնի հետ է համեմատում. եղեգնի, բայց մտածող եղեգնի:
Ահա թե ինչու իմ կյանքի լավագույն տասնամյակը գնաց ոչ միայն դիմանալու, այլև… հարկադիր համակերպության վրա: 50-ական թվականների սկզբին ես զբաղված էի սիզիֆյան աշխատանքից էլ դժվարին գործով, աշխատում էի… ձայնս փոխել: Իմ առաջին գրքույկը (Անմահները հրամայում են), որ լույս տեսավ 1948-ին, համեմատաբար պակաս աղմուկ հարուցեց, քան առաջին բանաստեղծություններս մամուլում: Բայց երկրորդ գրքի հարցը հասավ անլուծելիության: Չափածո ակնարկը, հանգավորված ռեպորտաժը, պատմողական–նկարագրական ոտանավորը գրավել էին ոչ միայն գրական շուկան, այլև դարձել գրական քաղաքականության վարիչը: Ու ես էլ փորձեցի գրել մի չափածո վիպակ, որ նախապես կոչվում էր Գոմ, թե պալատ Ագրոքաղաքներ կառուցելու ժամանակներն էին: Իմ ձեռագրին ծանոթացողները սարսափեցին. չէ որ վերնագիրն իսկ դեմ էր գլխավոր գծին: Բայց քանի որ նրանք շահագրգռված էին այդ պոեմի հրատարակմամբ, ապա ինձ ստիպեցին չորս անգամ վերամշակել: Ես արդեն տեսնում էի, որ մորթին քերթելուն չարժի, բայց ստացվել էր այն անեկդոտի պես, երբ արջի հետ ակամա մենամարտողին ասում են. Արջին բաց թող ու փախիր, իսկ նա խեղճ-խեղճ պատասխանում է. Ես թողնում եմ, բայց արջը բաց չի թողնում:
Չորս անգամ վերամշակելուց (այսինքն` ամեն ինչ հիմնովին փչացնելուց) հետո էլ արջն ինձ բաց չթողեց. Հայպետհրատը պատրաստի շարվածքը ցրեց: Եվ այդ բազմաչարչար ու տխուր պոեմը աոաջին անգամ լույս ընծայեց մոսկովյան սովետսկի գրող-ը 1953-ին (Սովետաշենի ընկերներ վերնագրով) և միայն դրանից հետո` Հայպետհրատը (Անհաշտ մտերմություն վերնագրով):
Այդ պոեմի վրա տառապելու տարիներին ես հասկացա, որ մենք զբաղված ենք անհնարինը հնարավոր դարձնելու տանջալից ինքնախաբեությամբ. ամեն կերպ կեղծելով` անկեղծ խոսք ասել, ամեն տեսակ ստելով` ճշմարիտ խոսել: Ու եթե դրան ավելացվի և այն, որ գոնե ես այդ անելիս հարկադրված էի փոխել նաև սեփական ձայնս, ապա պարզ կդաոնա ինքնազզվանքի այն զգացումը, որ գնալով պատում էր ինձ, ինչպես բորբոսը հացին: Այդ պատճաոռով էլ, երբ լույս էր տեսնում իմ երրորդ ժողովածուն (Սիրո ճանապարհը), ես արդեն լքել էի ինքս ինձ` խճճվելով մի այնպիսի ճգնաժամի մեջ, որ առավել անտանելի է, քան տնտեսական կոչվածը, որովհետև կոչվում է հոգեկան:
Այդ տարիներին ես արդեն ավարտել էի ասպիրանտուրան, համարյա վերջացրել իմ դիսերտացիոն մենագրաթյունը, որի պաշտպանությունը, սակայն, նույնպես, անհնարին դարձավ, որովհետև ամբողջ երկրով մեկ ծավալվել էր հերթական խմբի-ն` այս անգամ էլ ընդդեմ պատմական թեմատիկայի: Հայ հին գրականության ու բանասիրության մեջ խորացած իմ ընկերներից շատերը, լքելով իրենց տարիների աշխատանքը, միանգամից դարձան սովետահայ գրականության մասնագետներ, և գրվեցին դիսերտացիաներ այնպիսի մարդկանց կյանքի ու գրական գործունեության մասին, որոնք եթե ապրեին Նոյ նահապետի չափ էլ` չէին կարողանա արժանանալ նման բախտի: Այդպես վարվողները ստիպված էին հետևել իմաստնությանը այն առածի, որ արդեն հիշեցի.Եթե ժամանակը սրտովդ չէ` դու ժամանակի սրտովը եղիր: Ես չկարողացա և… կրկին դարձա աոաջին կուրսի ուսանող` այս անգամ արդեն Մոսկվայի Գորկու անվան գրական ինստիտուտում:
Մոսկովյան կյանքիս աոաջին տարիները լցված էին նույն հոգեկան ճգնաժամով: Յոթ ինստիտուտ ու համալսարան չեն կարող տալ այն, ինչ տալիս է ուսուցիչներից մեծագույնը` տառապանքը: Հիմա ես գիտեմ, որ մեծ ու անծանոթ քաղաքի փողոցներում, սառնամանիքի ու բքի մեջ շրջելիս, ոչ թե ես էի փնտրում իմ կորուստը, այլ իմ փախստական էությունն էր փնտրում ինձ: Եվ մենք, վերջ ի վերջո, հանդիպեցինք` չորս մետրանոց մի սենյակում, որտեղ սեղան դնելու տեղ էլ չկար: Հանդիպեցինք և որոշեցինք վերջ տալ մեր խռովությանը` մեկ վճռական պայմանով. գրել այնպես, կարծես աշխարհում ոչ Գուտենբերգ է եղել, ոչ էլ ընթերցող կա:
Դա նշանակում էր` նախ.
մի ավելորդ անգամ էլ հաստատել Բերնարդ Շոուի այն ճշմարիտ խոսքը, թե Բանաստեղծները բարձրաձայն խոսում են իրենք իրենց հետ, իսկ աշխարհը ականջ է դնում:
Դա նշանակում էր` նաև.
հետևել Ստենդալի իմաստնագույն խրատին` Պիտի սովորել չհաճոյանալ ոչ ոքի, նույնիսկ ժողովրդին:
Այս ընդգծված նախ-ն ու նաև-ը կարելի է ճյուղավորել երակների պես, բայց դա մեզ հեռուն կտանի, ուստի և շտապեմ ասել, որ այդպես և միայն այդպես գրվեցին իմ հետագա երեք գրքերը: Նրանցից աոաջինը, որ լույս տեսավ 1957-ին, խորագրված է Նորից քեզ հետ: Առերևույթ կարելի է կարծել, որ խորագիրը վերաբերում է քնարական հերոսուհուն: Չեմ ուզում ժխտած լինել, բայց կուզեի ավելացնել, թե դա առավել վերաբերում է իմ էությանը, որ փախստական էր դարձել, և իմ ձայնին, որ փոխել էի ջանում:
Արդեն վաճառքի պատրաստ այդ գիրքը փակվում էր սիրային մի պոեմով, սակայն վերջին րոպեին հարկ եղավ գիրքը ենթարկել կեսարյան հատման, և պոեմը հանձնել որբանոց, այսինքն` հեղինակին: Այդ պոեմը հետագայում, Ե. Եվտուշենկոյի թարգմանությամբ, լույս տեսավ Նոր աշխարհում-ում` բորբոքելով կրքոտ վեճեր և, մի անվանի քննադատի օգնությամբ, ինձ արժանացնելով ապրելու այն պահունակում, որտեղ գրանցել էին նաև Դուդինցևին, Յաշինին, Գրանինին:
Իսկ այդ ընթացքում ես, միայն մեկ ընթերցողի` ինձ համար, վերջացնում էի իմ հաջորդ գիրքը` մոտ 6000 տողանոց Մարդը ափի մեջ ժողովածուն: (Իմ մի գրքույկը նույն այս վերնագրով լույս է տեսել ռուսերեն` 1960-ին: Դա բոլորովին ուրիշ ժողովածու է քաղված Նույն հասցեով գրքից: Իսկական Մարդը ափի մեջ ժողովածուն լույս տեսավ միայն 1963-ին և անծանոթ է ռուս ընթերցողին):
Մոսկվայում գրվեց մի երրորդ գիրք էլ, որ միայն պայմանաբար կարելի է պոեմ կոչել: Դա էլ էր գրված միայն ինձ համար` պարզապես իբրև ինքնազատագրություն, իբրև թոթափումն այն ապրումների և խոհերի, որոնք տարիներ շարունակ կրծում էին իմ հոգեպատերը` ավտոմատիկ առնետների նման:

Հնչյունաբանություն

Հնչյունաբանություն, լեզվաբանության բաժին, որն ուսումնասիրում է մարդկային լեզվի նյութական կողմը, այսինքն՝ արտասանական այն բոլոր միջոցները, որոնցով կազմավորվում է խոսքը՝ հնչյունները, հնչյունական կապակցությունները, վանկը, հնչաբառը, հնչերանգը և այլն:
Նեղ առումով հնչյունաբանությունը զբաղվում է հնչյունների արտաբերական ու ձայնաբանական հատկանիշների ուսումնասիրությամբ, նրանց նկարագրությամբ ու դասակարգումով, լայն առումով հնչյունաբանության ոլորտի մեջ է մտնում նաև հնչույթաբանությունը: Հնչյունաբանությունը հնչույթաբանությունից տարբերվում է ուսումնասիրության առարկայով և ուսումնասիրման եղանակների գործադրումով: Հնչյունաբանության առարկան խոսքի նյութական կողմն է իր բազմապիսի դրսևորումներով, իսկ հնչույթաբանության առարկան՝ լեզվի հնչյունների գործառությունը: Հնչյունաբանական ուսումնասիրության համար լայնորեն օգտագործում են բնական գիտությունների մեթոդները՝ ռենտգենանկարահանումը, քմանկարահանումը, օսցիլոգրաֆիական, սպեկտրոգրաֆիական նկարահանումները և այլն: Տարբերում են՝ նկարագրական հնչյունաբանություն (նկարագրվում ու դասակարգվում են տվյալ լեզվի հնչյուններն ու այլ հնչյունական միջոցներ), պատմական հնչյունաբանություն (նկարագրվում է տվյալ լեզվի հնչյունական կազմի կրած փոփոխությունները հնագույն շրջանից մինչև ներկա վիճակը), փորձառական հնչյունաբանություն (ուսումնասիրությունը կատարվում է սարքերի ու գործիքների օգնությամբ), ընդհանուր հնչյունաբանություն (նկարագրվում են տարբեր լեզուների ընդհանուր հնչյունական օրինաչափությունները) և այլն:

Շտեմարանային աշխատանք


Screenshots_2015-10-13-09-58-25

Screenshots_2015-10-13-10-00-34
Screenshots_2015-10-13-10-03-22

Դավաճանությունը Թումանյանի ստեղծագործություններում

37584_b
Դավաճանության հայտնագործությունը, եթե այն իսկապես եղել է, մեծագույն հայտնագործություններից մեկն է։ Առաջին հերթին այն պատճառով, որ մենք կարող ենք ցուցադրել մեր մեծահոգությունը` ներելով դավաճաններին եւ կարող ենք առնել մեր վրեժը չներելով դավաճանությունը:  Դավաճանությունը համարվում է չարիքներից մեծագույնը: Դավաճանում են ընդհանուր գործին, համերաշխությանը, կրոնական, բարոյական, ազգային հասակարգային շահերին: Դավաճանում են վախկոտությունից, շահամոլությունից, եսամոլությունից դրդված, լավագույն դեպքում՝ մոլորված են լինում: Բայց ո՞վ է որոշում՝ ի՞նչն է դավաճանություն. այս հարցը պատասխան չունի, ամեն ինչ որոշում է կոնտեքստը: Որոշիչը հասարակական կամ պետական շահն է. իսկ այն, ինչը վնասում է այդ շահին՝ դավաճանություն է: Այս չափանիշը այնքան հեղհեղուկ և հարաբերական է, որ ի վերջո մնում է միայն վերջին չափանիշը՝ ինքն իրեն չդավաճանելը: Ո՞վ է որոշում դավաճանության եղելությունը, ո՞վ է դավաճանը կամ ի՞նչ է դավաճանությունը:

Օրինակ պոեմում տեղի է ունենում հետևյալը: Թմկաբերդի իշխանը Թաթուլն է, որը հաջողությամբ կարողանում է չեզոքացնել պարսից Նադիր շահի հարձակումները: Բերդի տիրուհու(որին Թումանյանը անուն չէր տվել, իսկ Սպենդիարյանը տվել էր Ալմաստ անվանումը) մոտ Նադիրը ուղարկում է աշուղների, որոնք վկայում են, որ շահը ցանկանում է ամուսնանալ տիրուհու հետ և դարձնել իր տերության  թագուհին: Ագահ և փառամոլ գեղեցկուհին մինչև անգիտակից վիճակը հարբեցնում է Թաթուլին և նրա զինվորներին և ապա դավաճանաբար բացում դարպասները: Նրանց բոլորին սպանում են:
Ինչու՞ տիրուհին չարեց վերջին քայլը դեպի փառքը: Ինչո՞ւ այդ վերջին քայլը՝ Նադիրին հաճոյանալը, նրան թվաց ավելի մեծ դավաճանություն, քան հայրենիքի և ամուսնու դավաճանությունը: Ավելի պարզ. ի՞նչ է փորձում պահպանել դավաճանը, ինչի՞ն է մնում անդավաճան, երբ դավաճանում է:
Ալմաստի արարքը կարելի է հասկանալ որպես ձգտում ատել և լինել ատված, չնայած հոգու խորքում, անկասկած, ցանկանում էր սիրել և լինել սիրված: Ինչպես ամեն մի դավաճան՝ նա ևս վախենում է ամուր և մշտական կապից, ցանկանում  ավերել հաստատված կապվածությունը: Եթե նրա համար սիրելը անհնար է, իսկ Ալմաստը հասկացավ, որ չի կարող սիրել նաև Նադիրին, ապա նրան մնում է ատելություն հարուցելու հաճույքը, այն միակ բավականությունը, որ նա կարող է իրեն տալ: Վերջին անգամ և ընդմիշտ:
Իմ կարծիքով կան դավաճանություններ, որոնք արժանի են ներման: Օրինակ կարող է լինել դավաճանություն, որը կատարելով անձը փրկում է մի ավելի մեծ բան,քան այն ինչին դավաճանում է: Այդպիսի դավաճանություն կարող է լինել հայրենիքի բարօրության համար կատարվածը: Բայց եթե մենք քննարկում ենք այն դավաճանությունը, որը ներկայացնում է Հովհաննես Թումանյանը իր պոեմում, ես կարող եմ ասել,որ այդ դավաճանությունը ներում չունի, քանի որ դա կատարվել է միայն և միայն փառքի համար:Իմ կարծիքով թմկատիրուհին ստացավ իր արժանի վախճանը, որը սակայն չի կարող փոխատուցել այն քաջերի կյանքը, որոնց արյունը իր պատճառով հեղվեց:

Հովհաննես Թումանյանի ընտանիքը

ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՏՈՀՄԸ
Հայոց պատմության էջերում իրենց բազում սխրագործություններով հռչակված Մամիկոնյան նախարարական տան մի ճյուղը` Համազասպյանները X-XI դարերում Տարոնից գաղթել և բնակություն են հաստատել Լոռում մասնավորապես Դսեղում և նրա շրջակայքում:
Ըստ տոհմական ավանդության Թումանյանները սերել են Լոռու Մամիկոնյաններից: Այդ մասին պահպանվել են վավերագրեր: Թումանյանը նույնպես իրեն համարել է Մամիկոնյաններից սերված և 80-90-ականների նրա նամակների մի մասը կրում է «Հովհաննես Թումանյանց – Մամիկոնյան» կնքադրոշմը:
Նախքան գրական ասպարեզ մտնելը` 1887թ. Թումանյանը գրել է իր նախնիների բավական մանրամասն պատմությունը` «Գործք հարանց» վերնագրով: Այստեղ բանաստեղծը հիշատակում է իրենց տոհմական անունը` Տերսանք, նրանք աչքի էին ընկնում պատվասիրությամբ, վեհանձնությամբ, ռազմական ոգով և կենսուրախ բնավորությամբ:
Ավելի ուշ 90-ական թվականներին Թումանյանը կազմել է նաև իր տոհմի ճյուղագրությունը:
Նախնիների «Վարքագրությունը» բանաստեղծը սկսում է իր ապուպապի հորից` տոհմի Նահապետ Բարխուդարից, որի ծննդյան տարեթիվն անհայտ է, ոչինչ չգիտեն նաև նրա գործերի մասին:
Տոհմի շառավիղն իբրև նահապետի համարվել է ավագ որդին:
Մեհրաբ (1740-1860)-ամուսնացել է ղազախեցի Ղազար քյոխվայի դստեր` Շահրուբանի հետ: Նա խելացի, արթուն և արի նահապետ էր: Մեհրաբը եղել է Դսեղի գյուղապետը և կոչվել է «յուզբաշի»:
Հովակիմ (Օվագիմ 1760-1855) – Քաջ ու հաղթանդամ Լոռու հայտնի իգիթներից մեկը: 18-րդ դարում, շնորհիվ իր քաջագործությունների նա մեծ հռչակ է ձեռք բերում: Խաչատուր Աբովյանն իր «Վերք Հայաստանի» վեպում տվել է Մեհրաբ և Օվագիմ Յուզբաշիների վիպական նկարագրությունը:
Հովհաննես աղա (Ուհանեզ 1795-1868)
1826-1827 թթ. Ուհանեզ աղան ռուսական բանակում պարսկերենի թարգմանիչ էր, անվանի զինվորական, մասնակցել է մի շարք պատերազմների: Նրա թուրն այժմ էլ պահպանվում է Թումանյանի տուն-թանգարանում: Կռվում տարած քաջագործությունների համար ստանում է շքանշաններ ենթասպայի աստիճան: Բացի այդ նա մեծ աշխատանք է կատարել Հայաստանի զանազան վայրերում ճանապարհներ կառուցելու համար:
Հովհաննես աղի կինը գեղեցիկ ու կիրթ կին էր. չէր սիրում գյուղի աշխատանքը: Նա ավելի էր սիրում քաղաքը և քաղաքային կյանքը: Նա է հետևել թոռան կրթությանը, նրա հագնվելուն, շարժուձևին, պահանջելով, որ ամեն ինչ մաքուր լինի: Թոռան անունը դրել է իր ամուսնու անունը` Օհաննես աղա: Եւ գյուղում այդպես էլ կոչում էին Թումանյանին` Օհաննես:
Ասլան (1839-1898)- տոհմի շառավիղներից նշանավորը, բանաստեղծի հայրը: Սանահինի վանքում երկու տարի դպիրի պաշտոն վարելուց հետո, 1874-ին, հակառակ իր կամքի ձեռնադրվում է քահանա` Տեր-Թադևոս անվամբ: Նա վերին աստիճանի բարի, անձնվեր մարդ էր, զվարճախոս: Ունեցել է հասարակական գործչի ջիղ. նա եղել է նախաձեռնողը կամ մասնակիցը Դսեղի կրթալուսավորական գործերի: Նրա անունը հիշատակվում է գյուղի դպրոցի հոգեբարձուների թվում: Իր աշխարհիկ հակումներով քահանան աջակցել է հայրենի գյուղում թատերական ներկայացումներ կազմակերպելու գործին:


Սոնան /1842-1936/- բանաստեղծի մայրը, ծագում էր Քոչարյանների տոհմից , նույնպես Դսեղցի: Նրա հայրն ու եղբայրները փորձված հովիվներ ու որսորդներ են եղել: Սոնան բարձրահասակ, գեղեցիկ, աշխատասեր կին էր: Իր բազմանդամ ընտանիքի հոգսերով ծանրաբեռնված` գիշերները ճախարակի առջև նստած` թել էր մանում, հետն էլ երգում էր արևելյան եղանակներ, ժամանակի տարածված ժողովրդական և հայրենասիրական երգեր: Լինելով զրույց սիրող և լավ պատմող կին` նա իր երեխաներին լեգենդներ, առակներ և հեքիաթներ էր պատմում , համեմած ժողովրդական ոճով և դարձվածներով:
Հովհաննեսից բացի, Սոնան և Տեր-Թադևոսը ունեցել են յոթ զավակ` չորս տղա և երեք աղջիկ:
Ռոստոմ – 1871-1915թթ.
Օսան – 1874-1926թթ.
Իսկուհի – 1878-1943թթ.
Վահան – 1881-1937թթ.
Աստղիկ – 1885-1953թթ.
Արշավիր – 1888-1921թթ.
Արտաշես – 1892-1916թթ.
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԸ
1888 թվականին, տասնինը տարեկան հասակում, Թումանյանն ամուսնանում է տասնյոթամյա Օլգա Մաճկալյանի հետ:
ՕԼԳԱ ՄԱՃԿԱԼՅԱՆԻ ՀՈՒՇԵՐԻՑ
Մեր հանդիպումը
1887 թ. սեպտեմբերի վերջերին ես ու ընկերուհիս ` Օսանը գնացինք տատիս մոտ: Ճաշեցինք այնտեղ: Երեկոյան դուրս եկանք փողոց, որ մի նեղ ճանապարհ էր հին, միհարկանի տներով: Հենց տատիս տան կողքին, մի սենյակում ապրում էր մի ընտանիք` նախշքար (ներկարար) Բագրատ Թումանյանը` իր կնոջ հետ: Մենք այդ փողոցումն էինք, երբ այդ տնից դուրս եկավ մի միջահասակ կին, նրա ետևից` բարձրահասակ, նիհար կազմվածքով, գանգուր մազերով մի երիտասարդ: Կինը դիմեց մեզ.
-Չգնա՞նք նորակոչիկներին տեսնելու:Այն տարին հայերից նոր էին զինվոր հավաքում: Մենք հրաժարվեցինք ու եկանք տուն:
Մյուս օրը, կեսօրին, երբ մեր տան պատուհանից դուրս էի նայում, տեսնեմ անցնում է մեր փողոցով նույն գանգուր մազերով տղան:
Ըստ երևույթին, նա երեկ հետևել էր մեզ: Երրորդ օրը եկավ մեր տուն ձեռքին թղթեր, որ իրեն էր տվել կոնսիստորի անդամ Հովհաննես քահանա Մարտիրոսյանը: Ես թղթերը վերցրի, միմյանց նայեցինք, ժպտաց և գնաց: Հետո իմացա, որ կոնսիստորիայի գրագիրն է, լավ էլ ձեռագիր ունի:
Անուշկի տատս ինձ պատմեց, որ այդ տղային վաղուց գիտի, իր հարևանն է, հաճախ իր համար նամակներ է գրում. անունն Օհանես է և շատ է հավանում նրան: Դրանից հետո շարունակ գալիս էր, թղթեր բերում: Շատ անգամ նրան մայրս էր ընդունում, ներս էր կանչում, խոսում էին, թղթերը թողնում էր ու գնում:
Հետո իմացա, որ մայրս, տեր Հովհաննեսի և Ներսես քահանա Աբովյանի հետ, առանց իմ գիտության, որոշել են մեզ նշանել և ամուսնությունից հետո Օհանեսին քահանա ձեռնադրել: Ներսես Աբովյանը (Օհանեսի ընկեր Անուշավան Աբովյանի հորեղբայրը) նույնպես կոնսիստորի անդամ էր:
  
Մեր ծանոթությունը
1888 թ. հունվարի 1-ին առավոտյան մայրս մեր խոհանոցում մի ծիտ է տեսնում, բռնում է ու բերում սենյակ: Ծիտը դրինք վանդակում: Մայրս ասաց, որ դա լավ նշան է, Նոր տարվա բերած բախտը:
Երեկոյան Օհանեսը եկավ մեր տուն Նոր տարին շնորհավորելու: Մայրս ընդունեց նրան, բերեց սեղանատուն, սկսեցինք զրուցել: Օհանեսը հարցրեց.
-Էդ ի՞նչ ծիտ եք բռնել, տեսնենք ի՞նչ թռչուն է:
Մայրս ցույց տվեց:
Օհանեսը մի երկու ժամ նստեց, խոսեցինք դեսից-դենից ու գնաց:
Մի քանի ժամանակ անց մայրս ասաց, որ ուզում են մեզ նշանել:
…Երկու ամսից մեզ նշանեցին: Հայրը` Տեր-Թադևոսը, եկավ գյուղից մի քահանայի և մի վարդապետի հետ: Մեզ մոտ էլ երկու քահանա կային, էնպես որ չորս քահանա և մի վարդապետ մեզ նշանեցին` 1888 թ. մարտի 24-ին :
Նշանվելուց հետո Օհանեսը համարյա ամեն օր մեզ մոտ էր լինում ճաշերին և գնում էր ուշ երեկոյան: Մի օր Զատկին եկավ, ինձ համար մի զույգ գեղեցիկ կոշիկներ բերեց, նոր ձևի:
Կոշիկներից հետո առաջին նվերը, որ ստացել եմ իմ նշանածից, Հոմերոսի «Իլիականն» ու «Ոդիսականն» էին և «Վերք Հայաստանին»:
Աբովյանի գիրքն ինձ ծանոթ էր արդեն, իսկ Հոմերոսը չէի կարդացել: Օհանեսն ինձ հետ կարդում էր և բացատրություններ տալիս:
Օհանեսը գյուղից եկավ 1888-ի սեպտեմբերի 20-ին: Երկու ամսից, դեկտեմբերի 1-ին պսակվեցինք: Ես տասնյոթ տարեկան էի, Օհանեսը` տասնինը:
…Անցավ մի քանի օր, մեր տանը նորից սկսեցին խոսել Օհանեսին քահանա ձեռնադրելու մասին: Ամեն օր ասում էին, որ գնա եկեղեցի և ժամերգություն սովորի, իսկ նա չէր գնում ու չէր ուզում: Մի տարվա մեջ Թիֆլիսի բոլոր եկեղեցիներում եղավ, բոլորից էլ դժգոհ էր. մի տեղ քահանաները կռվում էին, մյուս տեղը, թե` հեռու է և այլն: Վերջը ղրկեցին վանքի եկեղեցին: Այնտեղ էլ չմնաց: Մի առավոտ պարսավ գրեց թեմի առաջնորդ` Արիստակես եպիսկոպոս Սեդրակյանի վրա և դրանից հետո հեռացավ կոնսիստորի ծառայությունից…
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԶԱՎԱԿՆԵՐԸ
ՄՈՒՇԵՂ ԹՈՒՄԱՆՅԱՆ 1889-1938 թթ.
Ծնվել է Թիֆլիսում:
Թիֆլիսի արական գիմնազիայից հետո, ընդունվել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետի բնագիտական բաժին: Ապա սովորել է նույն քաղաքի Սակրավորների ուսումնարանում: Զինվորական ծառայության է անցել Ալեքսանդրապոլում: 1916 թ. կամավորների կազմում մեկնել է Արևմտյան Հայաստան, զբաղվել որբերի խնդիրներով: Այնուհետև Թիֆլիսում անցել է ուսուցչության և զբաղվել այգեգործության ու պտղաբուծության վերաբերյալ գիտական աշխատանքով: 1937 թ. Խորհրդային իշխանությունների կողմից ձերբակալվել և աքսորվել է Սիբիր, որտեղ էլ զոհվել է: Մուշեղ Թումանյանն ունեցել է երեք երեխա` Անահիտ, Նադեժդա, Վիգեն:
ԱՐՏԱՎԱԶԴ ԹՈԻՄԱՆՅԱՆ 1894-1918 թթ.
Ծնվել է Թիֆլիսում:
Սովորել է Լիսիցյան մասնավոր պանսիոնում, ապա Ներսիսյան հռչակավոր դպրոցում, այնուհետև նկարչության և քանդակագործության ուսումնարանում: Կերպարվեստի առաջին դասերն առել է մեծանուն նկարիչ Եղիշե Թադևոսյանից: Արվեստի նկատմամբ մեծ սերը Արտավազդին հասցրեց Մոսկվա` Պ. Ի. Կելինի նկարչական ստուդիայում սովորելու: Մեզ են հասել Արտիկի գեղանկարչական մի քանի աշխատանքներ, չափածո, արձակ գործեր, արվեստաբանական վերլուծություններ և հոդվածներ, նաև պիեսներ կերպարվեստի հռչակավոր վարպետների մասին`«Վան Դեյք», «Տիցիան», «Ռուբենս» և այլն: Ի դեպ այդ պիեսներից մի քանիսն արդեն բեմադրվել են: Դսեղում բեմադրվել է նաև Արտավազդի կողմից պիեսի վերածված «Գիքորը» պատմվածքը, որին ներկա է եղել Հովհ. Թումանյանը: Արտավազդը նույնպես երբեմն հայտնվել է սիրողական բեմում, որպես դերասան:
Իր ժողովրդի համար ամենածանր ժամանակ նա մեկնեց Արևմտյան Հայաստան: 1918 թ.-ին 24 տարեկան հասակում զոհվեց Վանում: Արտիկի նահատակությունը մեկընդմիշտ ընկճեց Թումանյանին և մեծապես արագացրեց նրա մահը:
ՀԱՄԼԻԿ ԹՈԻՄԱՆՅԱՆ 1896-1938 թթ.
Ծնվել է Թիֆլիսում:
Ներսիսյան դպրոցից հետո ընդունվել է Փարիզի Սորբոնի համալսարանի փիլիսոփայության բաժին, ավարտել 1924-ին: Ֆրանսիայում մտել է կոմունիստական կուսակցության շարքերը: 1924-ին վերադառնալով Թիֆլիս, շարունակել է կուսակցական գործը: Շուտով անցել է աշխատանքի Վրաստանի գիտությունների ակադեմիայում, որպես ավագ գիտաշխատող: Համլիկ Թումանյանը բազմաթիվ թարգմանություններ է կատարել Ռ. Թագորից, (Մահիկը, Պարտիզպանը տպագրվել են Վիեննայում 1922-ին, Երևանում` 1955-ին և 1961-ին), նաև Պուշկինի ստեղծագործություններից: 1937 թ. Խորհրդային ռեժիմը ձերբակալեց նրան` հարազատների համար անհայտ թողնելով սպանության օրը և վայրը:
Համլիկն ուներ մեկ աղջիկ Նեկտար անունով:
ԱՐԵԳ ԹՈՒՄԱՆՅԱՆ 1900-1939 թթ.
Ծնվել է Թիֆլիսում:
Թիֆլիսի Լիսիցյան գիմնազիան ավարտելուց հետո, 1917-ին անցել է կոմունիստական կուսակցության շարքերը և կատարել տարբեր կուսակցական և պետական աշխատանքներ: 1933-ին ընդունվել է Մոսկվայի Կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտի պատմության ֆակուլտետը, այնուհետև դասավանդել նույն ինստիտուտում: 1937-ին խորհրդային ռեժիմն Արեգ Թումանյանին աքսորել է և 1939-ի օգոստոսի 30-ին գնդակահարել: Գնդակահարված իր մյուս եղբայրների նման Արեգի մասունքների վայրն անհայտ է: Ունեցել է մեկ դուստր` Սուրման:
ԱՇԽԵՆ ԹՈԻՄԱՆՅԱՆ 1891-1968 թթ.
Ծնվել է Թիֆլիսում:
Թիֆլիսի երրորդ իգական գիմնազիան ավարտելուց հետո Աշխենն ուսանել է կանանցբարձրագույն դասընթացներում: 1911-ին ամուսնացել է իրավաբան Գևորգ Խատիսյանի հետ: «Դաշնակցությանգործի» դատավարությանժամանակ, 1912-ին Գևորգ Խատիսյանը Հովհ. Թումանյանի դատապաշտպանն էր: 1922 թ. Աշխենը տեղափոխվել է Ստեփանավան` քաղաքի գործադիր կոմիտեում աշխատելու, ապա` Երևան: 1925-ին Աշխենը Հանրային գրադարանին կից ընթերցասրահի վարիչն էր: Իսկ 1926-1933թթ. նույն գրադարանի տնօրենը: Աշխատել է նաև Հայկական հանրագիտարանում: Բազմաթիվ թարգմանություններ է կատարել հայերենից ռուսերեն, այդ թվում և հոր «Գիքորը» պատմվածքը: Աշխեն Թումանյանը Երևանի Հովհ. Թումանյանի թանգարանի առաջին տնօրենն էր հիմնադրման օրից մինչև 1966 թ.:
Ունեցել է մեկ որդի` Հովհաննես անունով:
ՆՎԱՐԴ ԹՈՒՄԱՆՅԱՆ 1892-1957 թթ.
Ծնվել է Թիֆլիսում:
Հովնանյան դպրոցն ավարտելուց հետո Նվարդն ընդունվել է Անդրկովկասյան համալսարանի պատմագիտության ֆակուլտետը: 1925-ին տեղափոխվել է Երևան և աշխատանքի անցել Նյութական մշակույթի պատմության ինստիտուտում: 1943-ից մինչև մահ Նվարդը Գիտությունների Ակադեմիայի Մ. Աբեղյանի ինստիտուտի գիտաշխատող էր: Նա իր հոր կյանքի և հոգևոր ժառանգության լավագույն ուսումնասիրողներից է, բազմաթիվ գիտական աշխատությունների հեղինակ: «Թումանյանի կապերը ռուս գրականության հետ» ատենախոսության համար Նվարդ Թումանյանն արժանացել է բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճանի: Նվարդը Դսեղի տուն-թանգարանի հիմնադիրներից է և մեծ ներդրում ունի նաև երևանյան թանգարանի կազմակերպման գործում:
ԱՐՓԵՆԻԿ ԹՈԻՄԱՆՅԱՆ 1899-1981 թթ.
Ծնվել է Թիֆլիսում:
Գայանյան օրիորդաց դպրոցից հետո Արփենիկն ընդունվել է Թիֆլիսի Պոլիտեխնիկական ինստիտուտ: Սակայն շատ շուտով տեղափոխվել է Մոսկվա և աշխատանքի անցել Նախարարական խորհրդի հայկական բաժնում: Որոշ ժամանակ անց նշանակվել է Լենինյան հանրային գրադարանի հայկական բաժնի գլխավոր գրադարանավար: Կյանքի վերջին շրջանում տեղափոխվել է Երևան: Գրադարանավարական գործի մեծ փորձն Արփենիկը ներդրեց իր հոր` Հովհաննես Թումանյանի անձնական բացառիկ գրադարանի մշակման գործում:
ԱՆՈՒՇ ԹՈՒՄԱՆՅԱՆ 1898-1927 թթ.
Ծնվել է Թիֆլիսում:
Անուշը սովորել է Թիֆլիսի Գայանյան օրիորդաց դպրոցում: Սիրել է դաշնամուր նվագել և ընթերցանությամբ զբաղվել: Գրել է ոտանավորներ ու քառյակներ: Նաև երկու պատմվածք` նվիրված իր հռչակավոր հորը: Անուշը Հովհ. Թումանյանի տասը զավակներից ամենից ռոմանտիկն ու երազկոտն էր: Նա ապրեց մի կարճ և ներքին հակասություններով պայմանավորված կյանք:
ՍԵԴԱ ԹՈՒՄԱՆՅԱՆ 1905-1988 թթ.
Ծնվել է Թիֆլիսում:
Ծննդյան վկայականում Սեդա անվան դիմաց գրված է նաև Հայկանուշ: Եվ դա մի պատմական հանդիպման արդյունք է, որ տեղի ունեցավ մինչև աղջկա ծնունդը Անդրանիկ զորավարի և Հովհ. Թումանյանի միջև: Իմանալով, որ Թումանյանների ընտանիքում համալրում է սպասվում, Անդրանիկ Զորավարն առաջարկեց Թումանյանին տղա ծնվելու դեպքում, ի նշան իրենց բարեկամության, երեխային կոչել Հայկ` իր քեռորդու անունով, ով ընկել էր հերոսի մահով, իսկ աղջկա դեպքում Հայկանուշ` ի հիշատակ իր քրոջ վաղամեռիկ դստեր: Թումանյանը չանտեսեց իր մեծ բարեկամի կամքը, բայց և կատարեց ի’ր ընտանիքի կամքը. նորածնին կոչեց Սեդա-Հայկանուշ: Գայանյան դպրոցն ավարտելուց հետո, սովորել է Երևանի պետական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետում և Եսենտուկիում մասնակցել ռենտգենոլոգիայի դասընթացներին: Թարգմանել է Պոլ դե Կրայֆի «Միկրոբներ որոնողները» գիրքը, որ պատմում է Կոխի, Պաստերի, Մեչնիկովի մասին: Սեդան մեծ մասնակցություն է ունեցել Թիֆլիսի իրենց բնակարանից իրերի Երևան փոխադրման և հուշասենյակների ձևավորման գործում: Ունեցել է մեկ դուստր` Իրմա անունով:
ԹԱՄԱՐ ԹՈՒՄԱՆՅԱՆ 1907-1989 թթ.
Ծնվել է Թիֆլիսում:
Թամարը նախնական կրթությունը ստացել է Թիֆլիսի Գայանյան օրիորդաց դպրոցում: Հետո սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում: 1933-ին մտել է մեծանուն ճարտարապետ, Երևանի գլխավոր հատակագծի հեղինակ Ալ. Թամանյանի արվեստանոց: Թամարը ղեկավարել է թանգարանը 1966-1989 թթ.: Նա մտահղացավ և ի կատար ածեց թանգարանի մի անկյունում «Վերնատան» հուշասենյակը վերստեղծելու գաղափարը: Նրա ջանքերով է ստեղծվել նաև «Լոռվա ձոր» համայնապատկերը, որի դիտումն ուղեկցվում է Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայի հնչյուններով: